Ովքեր կարող են օգտվել աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագրից
Շիրակի մարզպետարանում այսօր քննարկվել են աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագիրն ու դրանից օգտվելու պայմանները:
Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:
Քննարկմանը մասնակցել են Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը, էկոնոմիկայի նախարարության, մարզպետարանի ոլորտային պատասխանատուները և համայնքների ներկայացուցիչները:
Էկոնոմիկայի նախարարության պատասխանատուի կողմից ներկայացվել է ծրագրի վերաբերյալ մանրամասներ, համայնքների կողմից իրականացվելիք գործառույթները։ Ըստ այդմ, 1 հա աշնանացան ցորենի մշակության ծախսերի, մասնավորապես սերմի, պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով, որի շրջանակում հավաստագրված սերմերով ցանք կատարելու դեպքում 1 հա-ի համար կտրամադրվի 120.000 դրամ, իսկ չհավաստագրված սերմերով ցանքի դեպքում՝ 70.000 դրամ։
Ծրագրի շահառու կարող է հանդիսանալ մինչև 100 հա մակերեսով (բացառությամբ տնամերձ հողատարածքների) ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսավարողը, ընդ որում, ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի կողմից մշակվող ցանքատարածությունների հանրագումարը չի կարող գերազանցել 100 հա-ը, իսկ միևնույն հողամասի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ծրագրից կարող է օգտվել համասեփականատերերից միայն մեկը։
Ծրագրի շրջանակում պետք է պարտադիր ցանք կատարվի մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը, իսկ ցածրադիր շրջաններում եղանակային պայմաններից կախված, մինչև 2022 թվականի նոյեմբերի առաջին տասնօրյակը:
Շահառուները ոչ ուշ քան 2023 թվականի ապրիլի 1-ը փոխհատուցում ստանալու նպատակով դիմում են համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով ցորենի փաստացի առկա ցանքատարածության տեղը, մակերեսը և հավաստագրված սերմերով ցանք կատարելու դեպքում՝ ներկայացնում նաև սերմերի հավաստագրերի պատճենները, սերմերի պարկերի պիտակների բնօրինակները, սերմերի հանձնման ընդունման ակտը, որում պետք է պարտադիր նշված լինեն սերմերի սորտերը։ Նշված փաստաթղթերի բացակայության դեպքում շահառուն կհամարվի չհավաստագրված սերմերով ցանք կատարող։
Համայնքների ղեկավարներին առաջարկվել է ձեռնարկել միջոցներ ծրագրի մասին պատշաճ տեղեկատվություն ազգաբնակչությանը հասցնելու և ծրագրով վերապահված գործառույթներն առանց թերացումների իրականացնելու ուղղությամբ:
Կարծիքներ