Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է, որը թափ է առնելու. Ալեն Սիմոնյանը զգուշացնում է. տեսանյութ

Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմն արդեն վաղուց սկսվել է, և դա շարունակվելու է, և, ցավոք սրտի, ավելի մեծ թափ է առնելու: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակած տեսանյութում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ոչ հայկական մեդիադաշտում հրապարակված մի հոդվածի, որում պնդում կա, թե իբր Ալեն Սիմոնյանը և երկրի բարձրագույն ղեկավարները ներգրավված են մանկապղծության ցանցում։
«Սա իրոք ծիծաղելի է, բայց ես ուզում եմ ասել, որ այս տեսանյութի, այս փոքր ուղերձի իմաստն այն չէ, որ ինչ-որ ձևով այդ հիմարությանն արձագանքեմ: Դրան արձագանքելու կարիք կա: Ասում եմ՝ իմ մասին և մեր մասին ինչ ասես՝ ասել են և ասում են, բայց մեր ժողովուրդն ամեն ինչ լավ գիտի, չնայած որոշ մարդիկ տրվում են, ինչ-որ մարդիկ նույնիսկ մտնում են այդ խաղի մեջ, փորձում են շահարկել: Մեղքը՝ իրենց վիզը: Ես վստահ եմ, որ, այնուամենայնիվ, ճշմարտությունը բոլորը գիտեն:
Իմ ուղերձի իմաստը վառ օրինակով ձեզ ցույց տալն է և զգուշացնելն է, որ սա շատ ակտիվանալու է: Հիբրիդային պատերազմի այս ձևը, մի ճյուղը շատ ակտիվանալու է: Լինելու են ծրագրեր, նման հիմար հրապարակումների վրա ռեպորտաժներ են սարքելու, մեղադրելու են, ասելու են ամեն ինչ, բառիս բուն իմաստով, ինչ մտքներովդ անցնում է»,- ասաց նա:
Այս համատեքստում Ալեն Սիմոնյանը հորդորեց չտրվել «հիմար նյութերի» քարոզչությանը, չտարածել դրանք, բլոկել ֆեյք էջերը՝ փորձելով ճշտել, թե ով է աղբյուրը, որտեղից է ինֆորմացիան, ինչպես նաև հետևել պաշտոնական լրահոսին:
Հիշեցնենք, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մասին հերթական կեղծ տեղեկությունն է շրջանառվում: Թիրախում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է, որին համեմատել են Ջեֆրի Էփշթեյնի հետ, որը ամերիկացի միլիարդատեր էր, մեղադրվել ու դատապարտվել է մանկապղծության համար և համարվել սեռական հանցագործ։
Կարծիքներ