ԱԽ քարտուղարը ներկայացրեց, թե ինչու չի կայանում սահմանազատման և սահմանագծով հարցով հանձնաժողովի հանդիպումը
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հանձնաժողովի հանդիպումը չի կայանում տեխնիկական համաձայնություն ձեռք չբերելու պատճառով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:
«Բնականաբար, տեխնիկական համաձայնության տեղի չունենալու պատճառով դեռևս այդ հանդիպումը չենք կարողացել կազմակերպել»,- ասաց ԱԽ քարտուղարը:
Հայկական կողմը հույս ունի, որ մոտ ապագայում գոյություն ունեցող տեխնիկական հարցերին լուծում կտրվի, և հանդիպումը կլինի:
Ըստ ԱԽ քարտուղարի՝ տեխնիկական հարցերը վերաբերում են այն ընդհանուր օրակարգին, որը ձևավորվել է անցյալ տարի նոյեմբերին Սոչիում և Բրյուսելում: «Մենք ակնկալում ենք, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է լինի այդ երկու հայտարարությունների տրամաբանության շրջանակներում: Ակնկալում ենք, որ այդ հայտարարությունների տրամաբանության շրջանակում լուծում կգտնվի»,-նշեց Գրիգորյանը:
Նախորդ տարի Սոչիում եռակողմ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ:
Կարծիքներ