Պենտագոնը վստահեցրել է, որ ԱՄՆ-ը նոր հարվածներ չի հասցրել Սիրիայում
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հերքում է, որ նոր ավիահարվածներ է հասցրել Սիրիայում թիրախներին։
«Մենք ավիահարվածներ չենք հասցրել Սիրիայում անցած գիշեր», - լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։ Նրա կողմից այս թեմայի վերաբերյալ այլ մեկնաբանություններ չեղան:
Մինչդեռ Սիրիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ երկրի արևելքում գտնվող Դեյր էզ-Զոր գավառին ամերիկյան ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ, ևս 32-ը՝ վիրավորվել։
Ավելի վաղ Al Hadath հեռուստաալիքը հայտնել էր, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարձակվել են Դեյր էզ-Զոր նահանգում իրանամետ շիա կազմավորումների ռազմական օբյեկտների վրա։ Նրա խոսքով, հարձակումների արդյունքում առնվազն ինը շիա մարտիկ է զոհվել, այդ թվում՝ երկու հրամանատար, ևս առնվազն 20-ը վիրավորվել և հոսպիտալացվել են։
Կարծիքներ