«Կարծում էի, որ ինձ նոբելյան մրցանակ կտան ահաբեկչության դեմ պայքարի համար, իսկ ինձ ներառում են պատժամիջոցների ցուցակում». Կադիրովը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից իր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Կարծում էի, որ ինձ նոբելյան մրցանակ կտան ահաբեկչության դեմ պայքարի համար, իսկ ինձ ներառում են պատժամիջոցների ցուցակում». Կադիրովը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից իր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «Россия-1» հեռուստաալիքի եթերում, մեկնաբանելով ամերիկյան իշխանությունների կողմից իր դեմ սահմանված պատժամիջոցները, հայտարարել է, որ Չեչնիայում մարդու իրավունքները ոչ թե խախտում են, այլ հետևում դրանց, ինչի մասին վկայում են պատերազմի ավարտը, ահաբեկչության վերացումն ու տարածաշրջանի խաղաղ զարգացումը: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ինչո՞վ եմ ես խախտել մարդու իրավունքները: Ընդհակառակը, մենք պայքարում ենք, զոհվում հանուն մարդու իրավունքների: Կանգնեցրել ենք պատերազմը, ոչնչացրել ենք միջազգային ահաբեկչությունը: Ես կարծում էի, որ ինձ նոբելյան մրցանակ կտան ահաբեկչության դեմ պայքարելու համար, իսկ նրանք պատժամիջոցների ցուցակում են ներառում: Անարդար է»,-ասել է Կադիրովը:

Չեչնիայի ղեկավարը շեշտել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհիվ հանրապետությունում կարգուկանոն է հաստատվել, և բնակչությունն իրեն հանգիստ է զգում:

«Ավարտել ենք պատերազմը, պետք է ուրախանանք: Աֆղանստանում 2 միլիոն մարդ է մահացել, ինչքան ժամանակ է՝ ընթանում են ռազմական գործողությունները, Ամերիկան ոչինչ չի կարողանում անել: Իսկ մենք, Պուտինի շնորհիվ, կարգուկանոն ենք հաստատել, խաղաղ ապրում ենք, զարգանում ենք, 1,5 միլիոն բնակչությունը խաղաղ ապրում է, իսկ դա նրանց դուր չի գալիս»,-հավելել է Չեչնիայի նախագահը:

Չեչնիայի ղեկավարի կինը` Մեդնի Կադիրովան նշել է, որ իր կյանքը պատժամիջոցների սահմանումից հետո ոչնչով չի փոխվել:

«Ոչինչ չի փոխվել, նույնիսկ ավելի լավ է դարձել պատժամիջոցների սահմանումից հետո: Տնային տնտեսուհի էի, նույնն էլ մնացել եմ: Ես և իմ դուստրերը քաղաքականությամբ երբեք չենք զբաղվել: Այդ պատժամիջոցներից մեր ծիծաղը գալիս է»,-ասել է Կադիրովան:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել էր Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովին «սև ցուցակում» ներառելու մասին, ինչը, գերատեսչության հաղորդմամբ, անմիջականորեն կապված է մարդու իրավունքների խախտման հետ:

«Այս պատժամիջոցը կապված է Չեչնիայի Հանրապետությունում մարդու իրավունքների կոպիտ խախտումներին Կադիրովի մասնակցության հետ։ Պետդեպարտամենտը մեծաքանակ հավաստի տեղեկություններ ունի առ այն, որ Կադիրովը պատասխանատվություն է կրում ավելի քան տասը տարի առաջ տեղի ունեցած մարդու իրավունքների բազմաթիվ կոպիտ խախտումների համար, ներառյալ՝ կտտանքները և արտադատական մահապատիժները»,- ասված է պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ:

Նման ցուցակում ընդգրկվելը նշանակում է ԱՄՆ մուտքի արգելք։

   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում