Թուրքիան պատրաստ է ստանձնել Քաբուլի օդանավակայանի կառավարումը, եթե ստանա ԱՄՆ աջակցությունը․ Էրդողան
Թուրքիան պատրաստ է ստանձնել Քաբուլի օդանավակայանի կառավարումը՝ պայմանով, որ Միացյալ Նահանգները անհրաժեշտ աջակցություն ցուցաբերի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հուլիսի 20-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Հյուսիսային Կիպրոսի Ինքնահռչակ Հանրապետություն կատարած այցի ժամանակ։
«Աֆղանստանում և տարածաշրջանում նոր դարաշրջան է սկսվում, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ միասին կանգնած է Թուրքիան։ Ներկայումս ԱՄՆ-ն որոշում է ընդունել զորքերը դուրս բերել Աֆղանստանից, և նրանք ցանկանում են, որ Քաբուլի օդանավակայանը շարունակի գործել: Մենք դրան դրական ենք վերաբերվում, և, իհարկե, մի քանի պայման ունենք ԱՄՆ-ի հետ ինչպես դիվանագիտական հարաբերություններում, այնպես էլ լոգիստիկայի հարցերում։
Եթե մեզ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերվի, մենք կմտածենք Քաբուլի օդանավակայանի կառավարումը մեզ վրա վերցնելու մասին»:
Էրդողանը նաև հայտարարել է Աֆղանստանում իրավիճակը «Թալիբան» արմատական շարժման հետ քննարկելու մտադրության մասին:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Աֆղանստանում ԱՄՆ Զինված ուժերի գործողության ավարտի մասին հայտարարությունից և զորքերը դուրս բերելու ծրագրերից հետո երկրում իրավիճակը կտրուկ սրվել է: Ինչպես հուլիսի 13-ին հայտնել են Պենտագոնում, Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումն իրականացվել է ավելի քան 95 տոկոսով: Դրան զուգահեռ «Թալիբան» շարժումը կարողացել է վերահսկողություն սահմանել հանրապետության տարածքի 85 տոկոսի նկատմամբ, հայտնում են շարժման ներկայացուցիչները։
Մինչդեռ հուլիսի 13-ին աֆղանական հեռուստաալիքներից մեկը մեջբերել է «Թալիբան» շարժման հայտարարությունը, որում ասվում է թուրքական ուժերին գրոհելու նրա պատրաստակամության մասին, եթե նրանք մնան Աֆղանստանի տարածքում: Թալիբները կոչ են արել թուրքական ղեկավարությանը հրաժարվել ընդունված որոշումից, որը «խնդիրներ է ստեղծում երկու երկրներիերկրների մահմեդական ժողովուրդների միջև»։
Կարծիքներ