Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի առիթով

Սիրելի՛ կանայք,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առիթով։ Այս տոնը մեր հանրության շրջանում նշվում է առանձնակի ջերմությամբ, մեծարանքով, ինչը վկայում է մեր հանրության մեջ կանանց առանձնահատուկ դերի եւ ունեցած անգնահատելի ներդրման մասին, ինչը նաեւ ձեր ամուսինների, եղբայրների, հայրերի եւ որդիների կողմից ձեր նկատմամբ ունեցած հարգանքի ու անսահման սիրո արդյունք է:

Առանձնահատուկ ցանկանում եմ գլուխ խոնարհել մեր զինծառայող եւ կամավոր կանանց հիշատակի առաջ, ովքեր 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի:

Ակնածանքի խոսքեր եմ հղում մեր այն կանանց, որոնց հերոս զավակները, ամուսիններն ու եղբայրներն Արցախյան պատերազմում ընկան հերոսաբար:

Ջերմորեն շնորհավորում եմ նաեւ այն կանանց, որոնց որդիները, ամուսիններն ու եղբայրներն այսօր էլ կանգնած են սահմաններին ու շարունակում են իրենց հայրենանվեր ծառայությունը, ու նաեւ այն կանանց, որոնք հենց իրենք են կանգնած եղել կամ այսօր էլ կանգնած են հայրենիքի պաշտպանության առաջնագծում:

Հայրենիքի պաշտպանության գործում ձեր, ձեր որդիների, ամուսինների ու եղբայրների ցուցաբերած քաջությունն ու հայրենասիրությունն օրինակ կլինեն հետագա բոլոր սերունդների համար:

Սիրելի՛ կանայք,

Ձեր իրավունքների պաշտպանության օրվա առթիվ կարեւոր է արձանագրել, որ մեր երկրում դեռ շատ անելիքներ կան կանանց դերի բարձրացման, հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման համար։ Պետք է նաեւ արձանագրել, որ պետությունը ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ: Մեր խնդիրն է ստեղծել այնպիսի հնարավորություններ, որոնք ձեզ թույլ կտան դրսեւորել ձեր բոլոր  ստեղծարար կարողությունները, գիտելիքները, զգալ ձեզ առավելագույնս պաշտպանված ու գնահատված:

Ձեր շնորհիվ են նաեւ պահպանվում մեր ազգային լավագույն ավանդույթները, ամուր հայկական ընտանիքը: Ձեր նվիրվածության եւ մեծ ուժի արդյունքում է, որ կարողանում եք մեր ազգի համար դաստիարակել կիրթ ու հայրենասեր սերունդներ:

Սիրելի կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր,

եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ տոնի առիթով՝ մաղթելով ընտանեկան ջերմություն, բարձր տրամադրություն, մասնագիտական հաջողություններ եւ նորանոր նախաձեռնություններ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում