ԿԽՄԿ-ին հեղինակազրկելու Ադրբեջանի փորձերը դատապարտելի են․ ԱԳ նախարարի հեռախոսազրույցը Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ

ԿԽՄԿ-ին հեղինակազրկելու Ադրբեջանի փորձերը դատապարտելի են․ ԱԳ նախարարի հեռախոսազրույցը Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ

Օգոստոսի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ:

Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։

Արարատ Միրզոյանը շեշտել է Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման հրամայականը, ԼՂ սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման հրատապությունը:

Նախարար Միրզոյանն ընդգծել է ստեղծված պայմաններում Լեռնային Ղարաբաղում մուտք ունեցող միակ միջազգային մարդասիրական կազմակերպության՝ ԿԽՄԿ գործունեության պատշաճ, շարունակական ապահովման կարևորությունը և դատապարտելի համարել Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ հումանիտար գործունեությունը խանգարելուն և հեղինակազրկելուն ուղղված Ադրբեջանի փորձերը:

Այս համատեքստում նախարար Միրզոյանն անդրադարձել է հուլիսի 29-ին բուժման նպատակով ԿԽՄԿ ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող՝ լուրջ առողջական խնդիրներ ունեցող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի սահմանային ծառայության կողմից առևանգման դեպքին՝ այն որակելով նենգ և անընդունելի արարք՝ ընդդեմ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի և միտված ԼՂ ժողովրդի էթնիկ զտմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում