Անահիտ Ավանեսյանը մասնակցել է ԱՊՀ առողջապահության բնագավառում համագործակցության խորհրդի առցանց նիստին
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ԱՊՀ առողջապահության բնագավառում համագործակցության խորհրդի 32-րդ առցանց նիստը։ Այն կազմակերպվել էր ԱՊՀ գործադիր կոմիտեի կողմից՝ Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և նվիրված էր ԱՊՀ մասնակից պետություններում COVID-19 համավարակի ընթացքում առողջապահական ծառայությունների հասանելիության գործում առաջնային բժշկասանիտարական օգնության դերին։
Նիստին մասնակցել են նաև ԱՊՀ մասնակից պետությունների առողջապահության նախարարներ, ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, ինչպես նաև ԱՀԿ եվրոպական գրասենյակի ներկայացուցիչներ, առողջապահության ոլորտի մասնագետներ։
Հանդիպման ժամանակ Անահիտ Ավանեսյանը հանդես է եկել զեկույցով, ներկայացրել COVID-19 համավարակի ընթացքում Հայաստանում իրականացված միջոցառումները՝ շեշտադրելով առողջապահության առաջնային պահպանման օղակի ներգրավվածությունը հիվանդացության և մահվան դեպքերի կրճատմանն ուղղված միջոցառումներում։ Այս համատեքստում ընդգծվել է ԱԱՊ օղակի կարևոր դերն ու այն հզորացնելու անհրաժեշտությունը։
Կարծիքներ