Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության հաղթող

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության հաղթող

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հաղթող է ճանաչվել սպորտային մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում՝ հենացատկի եզրափակչում վաստակելով 15.133 միավոր և դառնալով ոսկե մեդալակիր:

Գերմանիայի Կոտբուս քաղաքում ավարտված առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Հայաստանի ներկայացուցիչները ևս երկու մեդալ են նվաճել:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանն առաջին մեդալն է նվաճել մեծահասակների պայքարում։ Նժույգթափերի վարժությունում նա գրավել է երկրորդ տեղը՝ եզրափակչում վաստակելով 14.833 միավոր։

30-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, Համաշխարհային բանակային խաղերի և աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր (2019 թ), ինչպես նաև 2022 թ․ աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր Արթուր Ավետիսյանն էլ բրոնզե մեդալ է նվաճել օղակների վարժությունում՝ վաստակած 14.533 միավորով։ Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը չորրորդ տեղն է գրավել (14.500):

«Տարին հաջող սկսեցինք, ինչի համար շատ ուրախ ենք։ Առավել ուրախացել ենք Գագիկ Խաչիկյանի համար, որը մեծահասակների պայքարում առաջին մեդալը նվաճեց։ Շատ բարդ մրցում էր, գրեթե բոլոր ուժեղագույնները մասնակցում էին։ Շատ ուրախ եմ, որ ստացվեց մեդալակիր դառնալ»,- ասել է Արթուր Ավետիսյանը։

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականն աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին մասնակցում էր մարզիչներ Սոս Սարգսյանի և Հայկ Նազարյանի գլխավորությամբ: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ընդգրկված էր մրցաշարի մրցավարական թիմում:

Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության առանձին գործիքների մրցման համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։

Աշխարհի գավաթի երկրորդ փուլը տեղի է ունենալու մարտի 1-ից 5-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում, որին Հայաստանը ներկայացուցիչները ևս կմասնակցեն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում