ՀՀ ՔԿ-ի և ԱՄՆ ԱՆ՝ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

ՀՀ ՔԿ-ի և ԱՄՆ ԱՆ՝ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Փետրվարի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:


Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ այն ստորագրել են մի կողմից ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, մյուս կողմից՝ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության Մերձավոր արևելքի բաժնի պատասխանատու Մայքլ  Ռժեպչինսկին։ 

Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը։

Համագործակցության հուշագիրն ամրագրում է թմրամիջոցների, դրանց անալոգների և պրեկուրսորների ապօրինի շրջանառության, ինչպես նաև այդ հանցավոր գործունեությունից բխող փողերի լվացման հետ կապված հանցագործությունների դեմ պայքարում կառույցների սերտ գործակցությունը։ Այն ուղղված է նշած հանցատեսակներով քննությունների շրջանակներում օպերատիվ տեղեկատվության փոխանակմանը և վերլուծությանը, թմրամիջոցների, համանման նյութերի և պրեկուրսոր քիմիական նյութերի ապօրինի շրջանառության հետ կապված դրամական միջոցների ապօրինի հոսքը կանխելու և հակազդելու նպատակով փոխադարձ օգնության ցուցաբերմանը, այս ոլորտում միջազգային համագործակցության խթանմանը, տարբեր միջոցառումների միջոցով այս հանցատեսակների դեմ քրեաիրավական պայքարում անձնակազմի մասնագիտական զարգացմանը։

ԱՄՆ դեսպան տիկին  Քրիստինա Ալիսոն Քվինի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանած ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը կարևորել է հուշագրի ստորագրումը։ Պարոն Քյարամյանը նշել է, որ փաստաթուղթը ոչ միայն ուժեղացնում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և դրանով պայմանավորված փողերի լվացման դեմ պայքարում ՀՀ ՔԿ-ի հնարավորությունները, այլ նաև Քննչական կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի տարբեր կառույցների հետ համագործակցությունը տեղափոխում է որակապես նոր հարթություն։ Արգիշտի Քյարամյանը հիշեցրել է, որ 2023թ․ մայիսին համագործակցության հուշագիր է ստորագրվել նաև ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) հետ, որը լայն թափով գործում է՝ ապացուցելով իր բարձր արդյունավետությունը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը՝ Հայաստանի և ԱՄՆ իրավապահ կառույցների միջև փոխգործակցության ընդլայնմանը և խորացմանը լրջագույն աջակցություն ցուցաբերելու համար։  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում