Դավիթ Դանիելյանն այցելել է Սյունիքի սահմանամերձ գյուղեր և պաշտպանական դիրքեր, ծանոթացել ամրաշինական աշխատանքներին
«Այսօր այցելեցի Սյունիքի սահմանամերձ գյուղեր և պաշտպանական դիրքեր: Ծանոթացա իրականացված ամրաշինական աշխատանքներին, զրուցեցի անձնակազմի հետ, հանդիպեցի բնակիչներին»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը՝ շարունակելով.
«Դիրքերում հիշեցի, որ այսօր Վազգեն Սարգսյանի տարեդարձն է ու մտաբերեցի հատվածներ Կարեն Դեմիրճյանին ուղղված նրա նամակից, որում Սպարապետը միասնության կոչ էր անում մեր երկրի համար օրհասական պահին, երբ «պատերազմը հերոսության դաշտից պետք է տեղափոխվեր տնտեսական դաշտ» (մեջբերում), միայն այդպես հնարավոր կլիներ պատերազմի հաղթանակը ամրապնդել: Մեր երկիրը բոլորովին այլ ներկա կունենար, եթե հայը չկրակեր հայերի ապագային ու չսպաներ Ղեկ-ա-վարներին՝ երկրի ղեկը միասնաբար ու ազնիվ վարողներին:
Ավելի ուշ տեղեկացա այսօր Արցախում տեղի ունեցած Ադրբեջանական դիվերսիոն հարձակման մասին, որի հետևանքով ունենք 3 զոհ և 1 վիրավոր:
Ցավոք, 80-օրյա շրջափակման պայմաններում Ադրբեջանը չի դադարում իր ագրեսիվ և հայատյաց գործելաոճը:
Այս իրավիճակում մենք կրկին պետք է միավորվենք: Միասնության դաշինք կազմենք զինվորի ու սահմանապահ գյուղացու հետ: Մեր միակ խաղաղապահը ու դաշնակիցը մեր բանակն է»:
Կարծիքներ