Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը բանակցություններ են սկսել Աստանայում։ Հանդիպումը տեղի է ունենում «Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների» գագաթնաժողովի շրջանակում։ Вести Кавказа պարբերականի փոխանցմամբ՝ հանդիպման սկզբում Պուտինն ընդգծել է, որ ինքը պարբերաբար հանդիպում է Իլհամ Ալիևի հետ, «և միշտ խոսելու բան կա»։ ՌԴ ղեկավարն ուշադրություն է հրավիրել «շատ տարբեր ոլորտներում փոխգործակցության բավականին մեծ ծավալի վրա»։
«Ռուսաստանը մնում է Ադրբեջանի առաջատար առևտրատնտեսական գործընկերներից մեկը, ապրանքաշրջանառությունն աճում է, անցյալ տարի այն աճել է մոտ 14 տոկոսով, այս տարի առաջին 7 ամիսների ընթացքում՝ ավելի քան 7 տոկոսով: Մեր տնտեսվարողները ներդրել են 4,5 միլիարդ դոլար Ադրբեջանի տնտեսության մեջ», – ասել է ՌԴ նախագահը։
Պուտինն ուշադրություն է հրավիրել նաև հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը։
«Բնականաբար, մենք միշտ նկատի ենք ունենում տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հետ կապված հարցերը: Հուսով եմ, որ մենք կօգտագործենք այս հնարավորությունը՝ կրկին խոսելու այս բոլոր հարցերի մասին», – ասել է ՌԴ ղեկավարը:
Կարծիքներ