Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: Երկրի նախագահ Էմանուել Մակրոնն իր կնոջ՝ Բրիջիթի հետ, արդեն քվեարկել է երկրի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների երկրորդ փուլի համար:

Ընտրական տեղամասերը բացվել են այսօր, տեղական ժամանակով առավոտյան 8-ին (ՀՀ ժամանակով 10:00-ին):

Ֆրանսիայի Հանրապետության ՆԳՆ-ի տվյալների համաձայն՝ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում մասնակցությունը տեղական ժամանակով ժամը 12:00-ի դրությամբ (ՀՀ ժամանակով 14:00-ի դրությամբ) կազմել է 18,99 տոկոս, ինչը բարձր է 2017 թվականի ընտրությունների ցուցանիշից, երբ այն կազմում էր 17,75 տոկոս:

Ընտրություններին մասնակցում է «Միասի՛ն» (Ensemble!) դաշինքը, որը միավորում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հիմնադրած «Վերածնունդ» կուսակցությունը , «Ժողովրդավարական շարժում» կենտրոնամետ կուսակցությունը և «Հորիզոններ» ու «Գործել» աջ կենտրոնամետ կուսակցությունները:

Ընտրություններին մասնակցում է նաև «Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միություն» (Nupes) ձախ կոալիցիան, որի մեջ մտնում են Ժան Լյուկ Մելանշոնի «Չնվաճված Ֆրանսիան», «Սոցիալիստական կուսակցությունը», «Կոմունիստական կուսակցությունը» և «Եվրոպա-Էկոլոգիա-Կանաչներ» կուսակցությունը:

Քվեարկությանը մասնակցում են նաև ծայրահեղ աջ՝ Մարին Լե Պենի «Ազգային միավորում» և Էրիկ Զեմուրի «Վերագրավում» կուսակցությունները։

Հիշեցնենք՝ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը Ֆրանսիայում կայացել է հունիսի 12-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում