Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես երբեք չեմ եղել ՀՀԿ անդամ. Սարիկ Մինասյան

Հանրապետական կուսակցությունը, լավ հասկանալով, որ որպես կուսակցություն ի զորու է միայն սևացնել այս կամ այն մարդուն՝ ՀՀԿ-ականի պիտակը նրան կպցնելով, փորձում է դա անել իմ նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը:
«Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես երբեք չեմ եղել Հանրապետական կուսակցության անդամ։ Այն, որ ժամանակին հանրապետականները կուսակցական շեֆերի աչքին բարձրանալու համար քիչ էր մնում մանկապարտեզի երեխաների անունները ցուցակով տանեին ու ներկայացնեին որպես նոր կուսակցականներ դա գիտեի, բայց որ մի օր ինքս պիտի դառնայի նման խարդավանքի զոհ, չէի կարող պատկերացնել։
Ես գյումրեցիների առաջ պարզ ճակատ եղել եմ ու հենց այդպես էլ մնում եմ։ Բոլորդ էլ գիտեք, որ ես երկար տարիներ աշխատել եմ Գյումրու համայնքապետարանում, Սոցիալական ապահովության պետական ծառայությունում ու եթե ինչ-որ մեկն այդ հանգամանքից ելնելով՝ առանց ինձ հարցնելու, իմ անունը այս կամ այն ցուցակի մեջ է գրել ու սրա-նրա առաջ ինձ կուսակցական դիմումատու ներկայացրել, ուղիղ ասում եմ՝ գլուխը պատին է տվել»,- գրել է Մինասյանը։
Կարծիքներ