Պետր Պավելը կարծում է, որ Չեխիան պետք է անցնի եվրոյի արժույթին
Եթե Չեխիան ցանկանում է լինել Եվրոպայի առաջատար երկրներից մեկը, ապա պետք է անցնի եվրոյի արժույթին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է հանրապետության նախագահ Պետր Պավելը՝ ելույթ ունենալով Պրահայում ԵՄ-ին Չեխիայի անդամակցության 20-ամյակին նվիրված համաժողովում։
«Եթե մենք ուզում ենք խաղալ առաջին լիգայում, ապա եվրոյին անցնելը տրամաբանական է։ Երկրների փորձը ցույց է տալիս, որ դժգոհ են նրանք, ովքեր դեռ չեն կատարել այդ քայլը»,- ասաց Պավելը։
Ավելի վաղ նախագահը նույն բանն ասել էր համաքաղաքացիներին ուղղված ամանորյա ուղերձում՝ տարբեր մակարդակներում բուռն քննարկումների տեղիք տալով այս թեմայի շուրջ։ Ամանորյա ուղերձում նախագահն առաջարկեց համազգային քննարկում սկսել եվրոյի ընդունման վերաբերյալ, իսկ այս անգամ ուղղակիորեն կոչ արեց ընդունել եվրոյի արժույթը։
Հանրապետության կառավարությունը եվրոյին անցնելու հարցում դեռ հստակ վերաբերմունք չի մշակել։ Նախարարների մի մասն աջակցում է Պավելին, մյուսներն առաջարկում են հրաժարվել եվրոյի արժույթից։ Մասնավորապես վարչապետ Պետր Ֆիալան և կաբինետի այլ անդամներ ամենաազդեցիկ լիբերալ ուժից՝ Քաղաքացիական դեմոկրատական կուսակցությունից, դեռ թերահավատորեն են վերաբերվում եվրոյին: Արդյունքում, մինչ այժմ կառավարությունը որոշել է իր տնտեսական խորհրդին հանձնարարել մշակել վերլուծություն երկրի՝ փոխարժեքի մեխանիզմի մուտքի կամ եվրոյի ներդրման դրական և բացասական կողմերի վերաբերյալ:
Մեկ այլ կառավարական մարմնի՝ Օրենսդիր խորհրդին նախարարները հանձնարարել են վերլուծել սահմանադրության կամ առանձին օրենքների փոփոխությունների անհրաժեշտությունը՝ կապված եվրոգոտու անդամակցության հետ: Կառավարությունը երկու վերլուծությունները պետք է ստանա մինչև այս տարվա հոկտեմբերի վերջ, ինչից հետո ակնկալում է որոշել այս ուղղությամբ հետագա քայլերը։
Կարծիքներ