Նոր ներդրումային նախագիծ՝ Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքում
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 5-ին այցելել է Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնք՝ ծանոթանալու «ԴԱՐ տարածքային զարգացման և մրցունակության հիմնադրամի» կողմից իրականացվող «Գագարին նախագծի» մանրամասներին։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ այցին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Ալֆրեդ Քոչարյանը և նախարարության այլ աշխատակիցներ։ Հանդիպման ընթացքում «ԴԱՐ հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Արսեն Աղաջանյանը ներկայացրել է նախորդ տարիներին հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերը, ինչպես նաև նախագծի շրջանակում նախատեսվող միջոցառումների ժամանակացույցն ու դրանց կարևորությունը երկրի տնտեսության զարգացման գործում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը կարևորել է նման ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով, որ նմանատիպ ծրագրերը նոր հնարավորություններ են ստեղծում ոչ միայն զբոսաշրջային հնարավորությունները զարգացնելու համար, այլև նպաստում են գյուղական համայնքների բնակիչների կյանքի որակի բարելավմանը։
«Կարևոր է, որ լինի որակյալ ծրագիր և այդ ծրագիրն իրագործող, իսկ նախարարությունն իր կողմից կանի հնարավորինն այն կյանքի կոչելու համար», - նշել է նա։
«Գագարին նախագիծն» ուղղված է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք, Վարսեր գյուղական համայնքների և Սևան համայնքի Գագարին բնակավայրն ընդգրկող տարածքների համալիր զարգացման ծրագրի մշակմանն ու իրականացմանը։ Այն նպատակ ունի ձևավորելու կայուն զարգացող և նորարար կենսակերպով ինքնաբավ համայնքներ, որոնք կնպաստեն բնակիչների բարեկեցությանը և ստեղծագործականության բարձրացմանը։ Համախմբելով թիրախային համայնքների բնակիչների, շահառու կառույցների, տեղական ու միջազգային լավագույն մասնագիտական փորձագիտական խմբերի և համաներդրողների՝ նախագիծը կուրվագծի համայնքային զարգացման երկարաժամկետ կայուն մոդել, որը կնպաստի առկա մարդկային ներուժի բացահայտմանն ու ինքնադրսևորմանը։
«Գագարին նախագծի» շրջանակում իրականցվող պիլոտային նախագծերից մեկը Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի կենտրոնի վերակառուցումն է։ Հաշվի առնելով, որ Ծաղկունք համայնքը վերջին մի քանի տարիներին ներկայանում է որպես ներքին և արտաքին զբոսաշրջիկների գրավչության վայր, «ԴԱՐ տարածքային զարգացման և մրցունակության հիմնադրամը» Ծաղկունքի կենտրոնի վերակառուցմամբ նախատեսում է հիմնանորոգել Հրազդան-Սևան Հ29 հանրապետական նշանակության ճանապարհի գյուղամիջյան հատվածը՝ գյուղի կենտրոնի հատվածում՝ ձևավորելով գյուղական յուրահատուկ հրապարակ։ Ճանապարհի կառուցմանը զուգընթաց փոխվելու են նաև անհրաժեշտ ստորգետնյա ենթակառուցվածքները՝ հաշվի առնելով ապագա հեռանկարային զարգացման հնարավորությունները։ Նախատեսվում է նաև առկա պուրակի բարեկարգում, ինչպես նաև նոր զբոսայգու կառուցում և կանաչապատում։ Նոր զբոսայգու հողատարածքը, որը պատկանում է Հիմնադրամին, փոխանցվելու է Ծաղկունք համայնքին: Գյուղի կենտրոնում նախատեսվում է նաև զբոսաշրջային տեղեկատվական-կենտրոնի, համատեղ աշխատանքային հարթակի (co-working space) և համայնքային հավաքատեղիի (վարսավիրանոց, խանութ-սրճարան, մեծահասակների խաղասրահ) կառուցում։
Ծրագրի շրջանակում մինչև 2025 թվականը նախատեսվում է պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով իրականացնել շուրջ 1.160 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր։
Այցի ընթացքում Վահան Քերոբյանը եղել է Ծաղկունք համայնքի կենտրոնական հատվածում գտնվող վերակառուցված և տուրիստական գրավչության վերափոխված 19-րդ դարի գլխատանը, նորակառույց հյուրատներում և Սբ․ Սարգիս եկեղեցում, որին տանող ճանապարհը նույնպես վերանորոգվել է Հիմնադրամի կողմից:
Կարծիքներ