Բլինքենը Կահիրեում Եգիպտոսի նախագահի հետ քննարկել է Գազայում հրադադար հաստատելու շուրջ բանակցությունները
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կահիրեում հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսիի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։
Կողմերը քննարկել են Գազայի հատվածում առնվազն վեցշաբաթյա հրադադար հաստատելու շուրջ բանակցությունները և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման մոտ պահվող իսրայելցի գերիների ազատ արձակումը։
«Նրանք նաև քննարկել են Գազայի հատվածում պաղեստինցի խաղաղ բնակիչներին և հումանիտար ոլորտի աշխատողներին պաշտպանելու շարունակական ջանքերը և Եգիպտոսի կարևոր առաջնորդող դերը հումանիտար օգնությունն ավելացնելուն նպաստելու գործում», - նշված է հայտարարությունում։
Բլինքենը նաև կրկնել է, որ ԱՄՆ-ն դեմ է Գազայի հատվածից պաղեստինցիների բռնի տեղահանությանը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Եգիպտոսի հետ՝ «առաջ մղելու խաղաղությունը և տարածաշրջանային անվտանգությունը, այդ թվում՝ անկախ Պաղեստին պետության ստեղծման միջոցով՝ Իսրայելի համար անվտանգության երաշխիքներով»։
ԱՄՆ պետքարտուղարը նաև դատապարտել է Եմենի հութիների հարձակումները Կարմիր ծովում առևտրային նավերի վրա։
Գազայի հատվածում պատերազմը սկսվել է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին՝ այն բանից հետո, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով 253-ին։ Իսրայելն այդ հարձակումից հետո ռազմական գործողություններ է սկսել անկլավում, որի հետևանքով զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, գերազանցել է 31 900-ը, ավելի քան 74 000 մարդ վիրավորվել է:
Կարծիքներ