«ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին հայտ է ներկայացրել 5 քաղաք

«ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին հայտ է ներկայացրել 5 քաղաք

Վերջին տարիների համեմատ այս տարի «ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի նկատմամբ աննախադեպ ակտիվություն է նկատվել. մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 5 քաղաք՝ Աբովյանը, Ալավերդին, Էջմիածինը, Վեդին և Գավառը։

Նախորդ տարիներին ՀՀ երիտասարդական մայրաքաղաք ճանաչված քաղաքներում իրականացված աշխատանքները, քաղաքների կողմից սահմանված նոր նշաձողերը, ծրագրի հանրահռչակման և տեսանելիության բարձրացմանն ուղղված աշխատանքները, ըստ ամենայնի, տվել են իրենց պտուղները՝ մեծացնելով քաղաքների կողմից հետաքրքրությունը մրցույթի նկատմամբ։

Այս տարի մրցույթի կանոնակարգը լրամշակվել է. ամբողջությամբ վերանայվել են փորձագիտական գնահատման չափանիշները։ Բացի դրանից՝ եթե նախորդ տարիներին հայտերի գնահատումն իրականացվում էր երկու բաղադրիչի հաշվառմամբ՝ փորձագիտական ընդհանուր գնահատում և կարճ հաղորդագրությամբ SMS քվեարկություն, ապա այս տարի, ըստ նոր մշակված կանոնակարգի, այն իրականացվում է 3 բաղադրիչի հաշվառմամբ՝ համայնքի/քաղաքի կարողությունների փորձագիտական գնահատում, հայտի ծրագրի փորձագիտական գնահատում և կարճ հաղորդագրությամբ SMS քվեարկություն։ Ընդ որում՝ նշված երեք բաղադրիչների համար սահմանվել են տեսակարար կշիռներ՝ վերջական գնահատական ձևավորելիս։ Փորձագիտական գնահատման չափանիշները մշակելիս կիրառվել է երիտասարդության դրական զարգացման մեթոդաբանությունը։

Յուրաքանչյուր տարի մրցույթի կազմակերպման և անցկացման աշխատանքների իրականացման համար ստեղծվում են մրցութային հանձնաժողով և փորձագիտական գնահատման խումբ։

Մրցույթն անցկացվում է հետևյալ փուլերով՝

հայտի ընդունում և գնահատում հանձնաժողովի կողմից՝ սահմանված պահանջներին համապատասխանելու կամ չհամապատասխանելու վերաբերյալ,

հայտի փորձագիտական գնահատում խմբի կողմից` տեղում ուսումնասիրությունների միջոցով,

ՀՀ բնակչության կողմից կարճ հաղորդագրությամբ SMS քվեարկություն,

մրցույթի արդյունքների ամփոփում և հաջորդ տարվա «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաքի» հռչակում:

Համաձայն մրցույթի կանոնակարգի՝ փորձագիտական գնահատման խումբն իրականացնում է մրցույթին հայտ ներկայացրած քաղաքների փորձագիտական գնահատում՝ տեղում այցելությունների միջոցով։

Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են փորձագիտական այցելություններ հայտատու քաղաքներ, որոնց ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ համայնքների ղեկավարների, ավագանիների անդամների, համայնքապետարանների երիտասարդությանն առնչվող պատասխանատուների, կրթական հաստատությունների ղեկավարի կազմերի, ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների, կամավորների հետ։ Այցերի ընթացքում ներկայացվել են քաղաքներում իրականացվող երիտասարդական ծրագրերը, կազմակերպությունները, ենթակառուցվածքները, երիտասարդության հետ կապված կրթական, մշակութային, ժամանցային միջոցառումները և այլն։

Փորձագիտական այցելություններին հաջորդելու է կարճ հաղորդագրությամբ SMS քվեարկության փուլը, որը կմեկնարկի հաջորդ շաբաթվանից և հնարավորություն կտրվի բոլորին՝ անկախ բնակավայրից, իրենց ձայնը տալու նախընտրելի քաղաքին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում