Արցախի ԿԸՀ-ն հայտնել է ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների մասին
2022թ. ապրիլի 10-ին կայացած Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների ժամանակ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի թիվ 5/1 և Նորշեն համայնքի թիվ 5/3 ընտրատեղամասերում արձանագրվել են խախտումներ:
Քվեարկության օրը ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից գրանցվել են լրատվական միջոցների ներկայացուցիչներ, որոնք հավատարմագրված չեն եղել ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում:
Տեղեկացվում է, որ, ԱՀ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի ներկայացուցիչները քվեարկության օրը կարող են իրականացնել ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո:
2022թ. ապրիլի 10-ի ՏԻՄ ընտրությունները և քվեարկության ընթացքը լուսաբանելու համար զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրման գործընթացը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում սկսվել էր մարտի 5-ին և ավարտվել մարտի 26-ին:
Հիշեցնենք՝ Արցախի Մարտունու և Շահումյանի շրջաններում կիրակի օրը կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ:
Կարծիքներ