Հանրային քննարկում՝ նվիրված Հայաստանում մշակութային աճուրդների կազմակերպմանը և դրա վերաբերյալ օրենքի նախագծի քննարկմանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպել է մասնագիտական հանրային քննարկում՝ նվիրված Հայաստանում մշակութային աճուրդների կազմակերպմանը և դրա վերաբերյալ օրենքի նախագծի քննարկմանը։
Քննարկումը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆեքդ Քոչարյանը: Հանդիպմանը մասնակցել են բնագավառի շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ պետական, մասնավոր և հանրային հատվածից։
ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները հանգամանորեն ներկայացրել են օրենքի նախագծի նպատակը, կարգավորման շրջանակը և ակնկալվող արդյունքը։
Մասնակիցներն իրենց հերթին ներկայացրել են առաջարկություններ և դիտողություններ, որոնք օրենսդրության շրջանակում կդիտարկվեն։
Նշենք, որ նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1951-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության պահանջով։ Նախագծի ընդունմամբ կապահովվի արվեստի շուկայում նոր տնտեսական մեխանիզմների ներդրումը և ընդհանուր միջավայրի կայացումը, որը կնպաստի արվեստի ստեղծագործությունների շրջանառության թանփանցիկ գործիքակազմի ներդրմանը և առաջարկ-պահանջարկի ու մշակութային արժեքների գնային նոր չափորոշիչների սահմանմանը: Նախագծի ընդունմամբ կապահովվի նաև ոլորտում համակարգված պետական քաղաքականության վարումը, մասնավորապես՝ միտված Հայաստանի Հանրապետությունից մշակութային արժեքների արտահոսքի կանխմանը և պետական թանգարանային հավաքածուների համալրման համակարգված իրականացմանը:
Նախագիծը տեղադրված է եղել նաև e-draft.am հարթակում և անցել է միջգերատեսչական քննարկումների փուլը։
Կարծիքներ