Կամավոր ատեստավորմանը պատրաստվելու ընթացքում վերաթարմացրի գիտելիքս. ֆիզկուլտուրայի ուսուցիչ
Անահիտ Բադալյանը շուրջ 40 տարի աշխատում է Հրազդանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Նա միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներից է, և 2023 թվականը որոշիչ էր նաև նրա համար:
«Թեև արդեն թոշակառուի տարիքի եմ և մանկավարժական գործունեության երկարատև տարիների ընթացքում հասցրել եմ իմ ավանդն ունենալ սերունդների կրթման կարևոր գործում, բայց ես ինձ դեռ շատ երիտասարդ եմ զգում և ուզում եմ աշխատել։ Այդ իսկ պատճառով որոշեցի փորձել ուժերս՝ գնալ կամավոր ատեստավորման, և հաջողելու դեպքում, շարունակել աշխատանքս դպրոցում»,- ասում է ուսուցչուհին։
Անահիտ Բադալյանը, հաղթահարել է կամավոր ատեստավորման շեմը` ապահովելով 67 տոկոս արդյունք և արդեն նախորդ տարվանից սկսած՝ բարձրացված դրույքաչաձով աշխատավարձ է ստանում։ Ասում է՝ թեև կամավոր ատեստավորման համար տրված գրականության ցանկը ծավալուն էր և դժվարհասանելի, այդուհանդերձ փորձել է պատշաճ պատրաստվել։
«Իմ ուսանողության տարիներին ես լավ կրթություն եմ ստացել և կամավոր ատեստավորմանը պատրաստվելու ընթացքում վերաթարմացրի գիտելիքս, նաև նոր մեթոդների ու մոտեցումների ծանոթացա, որոնք այսօր կիրառում եմ դասապրոցեսում։ Դրանք ինչ-որ առումով նաև հեշտացրել են գործս՝ օրվա դասը աշակերտների համար առավել ընկալելի դարձնելով»,- պատմում է ուսուցչուհին։
Նրա խոսքով՝ կամավոր ատեստավորմանը դիմել է անվստահությամբ, քանի որ անորոշությունը, լարվածությունը խանգարում էին․ «Սակայն այսօր հասկանում եմ, որ կարող էի ավելին։ Հիմա մտածում եմ դիմել նաև առաջիկա փուլին՝ միավորներս բարելավելու հաստատակամությամբ։ Կոլեգաներիս ևս խորհուրդ եմ տալիս դիմել, փորձել ուժերը և օգտվել տրված հնարավորությունից։ Ճիշտ է՝ թեստերում անճշտություններ կային, որոնք ավելորդ շփոթություն էին առաջացնում, բայց կարևորը դրանք շտկվեցին։ Կարծում եմ՝ հաջորդ փուլերում կամավոր ատեստավորման գործընթացը բոլոր կողմերի համար առավել թեթև և խնդիրներից հնարավորինս զերծ կլինի»,- խոսքը եզրափակում է Հրազդանի հմ․ 12 հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհին։
Կարծիքներ