ԵՄ սահմանները կարող են կրկին փակվել. Խայկո Մաաս
Եվրոպայում սահմանները կարող են կրկին փակվել, եթե կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճ լինի ԵՄ այս կամ այն երկրում։ Այս մասին տեղի լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Խայկո Մաասը։
Ընդ որում, նա նշել է, որ նման որոշումները պետք է համաեվրոպական մակարդակով համակարգվեն եւ քվեարկության դրվեն։
Կորոնավիրուսի համավարակի սկզբում ԵՄ անդամ շատ երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, միակողմանիորեն որոշեց փակել սահմանները: Մայիսից սկսած՝ Եվրամիության եւ Շենգենյան գոտու ներսում սահմանները աստիճանաբար բացվեցին: Միայն Նորվեգիան եւ Ֆինլանդիան մտադիր չեն մինչեւ հուլիսի կեսը բացել իրենց սահմանները:
Հուլիսի 1-ից Գերմանիան նախագահում է Եվրամիությունում: Ըստ Մաասի՝ կազմակերպության անդամ-պետությունների ակնկալիքները, կապված համավարակի հետ, Գերմանիայից շատ մեծ են: Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը նշել է երեք կարեւորագույն նպատակները՝ ԵՄ տնտեսություններին մինչեւ 2027թ․ օգնելու բազմամիլիարդանոց ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կնքում, Brexit-ի շուրջ բանակցություններ եւ ԵՄ հստակ դիրքորոշում՝ ԱՄՆ-ի, Չինաստանի ու Ռուսաստանի հետ մրցակցային հարաբերություններում, հայտնում է DW-ն:
Ակնկալվում է, որ արդեն հուլիսին կարող են հանվել ԵՄ մուտքի սահմանափակումները՝ Հարավային Կորեայից եւ Նոր Զելանդիայից ժամանողների համար: Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ Բրազիլիայից ժամանողները մուտքի թույլտվություն կստանան բացառիկ դեպքերում։ Երկրների ցուցակը, որտեղից կարելի կլինի անխոչընդոտ մուտք գործել ԵՄ գոտի, վերջնականապես կհաստատվի երկուշաբթի օրը:
Հետագայում մուտքի արգելման կամ թույլտվության հիմնական գործոնը կլինի վերջին երկու շաբաթվա ընթացքում մեկնման երկրում կորոնավիրուսի վարակի դեպքերի թիվը՝ 100 000 բնակչի հաշվով պետք է լինի 16 կամ ավելի քիչ դեպք, ինչը համապատասխանում է ԵՄ միջին ցուցանիշին: Եվ նաեւ կարեւոր նշանակություն կունենա վարակվածների թվի նվազման միտումը:
Կարծիքներ