Այսօր բանակցություններին միացել է Ռուսաստանի 102 ռազմաբազայի ներկայացուցիչը՝ իրենց աշխատանքային քարտեզներով. Փաշինյան
ՀՀ ԶՈՒ-ն մարտավարական կանխարգելիչ միջոցառումներ է իրականացրել՝ առանց հրազենի կիրառման և կանգնեցրել են ադրբեջանցիներին՝ որոշ խորությունների վրա:
Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց՝ ադրբեջանցիներին Սև լճի շրջակայքում հաջողվել է 3,5 կմ առաջանալ:
Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց՝ Ադրբեջանի նպատակը ռազմական բախում հրահրելն է.
«Սա լոկալ ակցիա չէ, մեկ բլուրի, մեկ լեռան համար: Սրա վերաբերյալ կան փաստարկներ»,-ասաց Փաշինյանը և հավելեց, որ ադրբեջանցիները խոսում են քարտեզների մասին, որոնք իրականության հետ աղերս չունեն:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ որոշում է կայացվել գործի դնել ՀՀ անվտանգային համակարգի ռազմաքաղաքական մեխանիզմները.
«Ինչո՞ւ. Որովհետև լոկալ բախման տրամաբանության մեկնարկի պարագայում հետագայում շատ դժվար կլիներ հիմնավորել՝ ով որտեղ է կանգնել, ով է առաջինը կրակել, ով որտեղ պետք է լիներ: Մեզ համար կարևոր խնդիրը եղել է իրավիճակի հստակ արձանագրումը և ապացուցելիությունը հիմնավորելը: Այս պատճառով գործի է դրվել ՀԱՊԿ վերաբերյալ երկրորդ հոդվածը»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ միջազգային հանրության և ՀԱՊԿ-ի համար շատ կարևոր է թե կորդինատներով կոնկրետ որ երկրին է պատկանում.
«Այսօր բանակցություններին արդեն միացել են նաև Ռուսաստանի 102 ռազմաբազայի ներկայացուցիչը, իրենց աշխատանքային քարտեզներով: Արձանագրում է տեղի ունեցել, որ ռուսական ռազմաբազայում առկա քարտեզները աներկբա են դարձնում սահմանային գծերի մեր պնդումները: Սա նշանակում է, որ դա հավաքական անվտանգության պայմանագրի տարածք է, և հայ-ռուսական միացյալ զորախմբի գործունեության տարածք»,-նշեց Փաշինյանը:
Կարծիքներ