ՀԱՊԿ–ով գործարկել ենք մեխանիզմ, որը քաղաքական և ուժային լուծում է նախատեսում. Փաշինյան
Հայաստանը ՀԱՊԿ–ին է դիմել, քանի որ, ըստ ամենայնի, գործ ունենք Ադրբեջանի կողմից ծավալուն ռազմական բախում հրահրելու հետ։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Եթե խնդիրը լիներ մեկ տեղանք կամ բլուր, ապա ՀՀ զինված ուժերն ի վիճակի էին լուծել այդ հարցը, սակայն քանի որ վերլուծությունը ցույց տվեց, որ լոկալ բախում հրահրելու հետ գործ ունենք, դիմեցինք ՀԱՊԿ–ին։ Հարցն այն է, որ հետո, եթե բախում սկսվեր, այդ աղմուկի մեջ դժվար կլիներ ապացուցել, թե ով որտեղ է կանգնած եղել»,–ասաց Փաշինյանը։
Նա հայտնեց, որ երեկ երեկոյան հանձնարարել է, որ դիմեն ՀԱՊԿ, և այսօր կեսօրից հետո բոլոր փաստաթղթերն արդեն հասել են հասցեատերերին։ Առաջիկա օրերին պետք է գործարկվի համատեղ կոնսուլտացիաների մեխանիզմը, և ձևավորվի համատեղ գործողությունների առաջարկ։
Փաշինյանի խոսքով` ստեղծված ճգնաժամային իրավիճակը ռազմաքաղաքական, քաղաքական եղանակներով հանգուցալուծելը ՀԱՊԿ պայմանագրի առաջնահերթություններից է։ Բայց նախատեսված է նաև ուժի կիրառման պատրաստակամություն ցուցաբերելու նպատակով ՀԱՊԿ անդամ պետության տարածքում նախազգուշացման տեղակայման համար որոշում կայացնել և զինված հարձակումը կանխելուն ուղղված քայլեր իրականացնել։
«Հիմա գործարկել ենք մի մեխանիզմ, որտեղ նախատեսվում է ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմաքաղաքական և ուժային լուծումներ»,–ասաց Փաշինյանը։
Կարծիքներ