Պետք է խրախուսել երեխաների՝ գիտությամբ զբաղվելը. Ժաննա Անդրեասյան
Ամերիկահայ գիտնականների և ճարտարագետների ընկերակցությունն (AESA) արդեն 20 տարի կազմակերպում է ամենամյա գիտական օլիմպիադայի մրցույթներ, որոնց նպատակը դպրոցականների շրջանում ճարտարագիտության և գիտությունների նկատմամբ հետաքրքրության խթանումն է:
Գիտական օլիմպիադայի այս տարվա մրցանակաբաշխությունը մեկտեղել էր ՀՀ դպրոցների շուրջ 100 աշակերտի և ուսուցչի՝ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Միջոցառմանը մասնակցել և մրցանակակիրներին շնորհավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով օլիմպիադայի կազմակերպիչներին։
«Կարևորում եմ այս նախաձեռնությունը, որովհետև սա այն ճանապարհն է, որով պետք է գնանք ու այն ավելի ընդլայնենք մեր բոլոր երեխաների համար՝ խրախուսելով գիտությամբ զբաղվելը։ Նաև այսպիսի մրցույթներն են, որ երեխաներին տալիս են իրական հնարավորություն՝ զբաղվելու այն գործով, որը ցույց է տալիս կրթության և գիտության կարևորությունը յուրաքանչյուրի կյանքում և դրա հեռանկարային նշանակությունը»,- փաստել է նախարարի տեղակալը:
ժաննա Անդրեասյանը վստահեցրել է՝ պետությունը մեծ ուշադրություն է դարձնում կրթության և գիտության ոլորտի զարգացմանը․ այն հռչակված է իբրև առաջնահերթություն ոչ միայն Կառավարության ծրագրում, այլև պրակտիկ քաղաքականության մաս է։ Դրա շրջանակում, ըստ փոխնախարարի, միայն այս տարի ավելի քան 83 տոկոսով ավելացել է գիտության բյուջեն։
«Այս առումով կարևոր է ոչ միայն գիտական առանձին թեմաներին, սարքավորումներին և հետազոտություններին ուղղված ծախսերի մեծացումը, այլև գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման շարունակական քաղաքականությունը։ Սրա արդյունքում երեխաները կհասկանան, որ գիտությամբ զբաղվելը և գիտնական դառնալը մի ճանապարհ է, որը կարող է լինել անձի կարողությունները և հնարավորությունները բացահայտող, ինչպես նաև արժանապատիվ կյանքի հնարավորություն ընձեռող ուղի»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ այս խնդրի լուծմանն են ուղղված նաև կրթության բովանդակային բարեփոխումները՝ զարգացնելու ԲՏՃՄ կրթությունը հանրակրթական դպրոցներում։ Նախարարի տեղակալը կարևորել է հատկապես բոլոր դպրոցներում բնագիտական և ինժեներական լաբորատորիաների ստեղծումը, որը Կառավարության ծրագրում ամրագրված հաջորդ կարևոր նպատակն է։ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Տավուշի մարզի բոլոր դպրոցներն արդեն ստացել են անհրաժեշտ լաբորատորիաներ, որոնց հիմքի վրա կիրականացվի տվյալ առարկաների նորովի ուսուցումը՝ դրանք իրապես դարձնելով փորձարարական, գիտական և ֆունդամենտալ կարողությունների հնարավորություն տվող։
«Մենք պետք է համատեղենք մեր ջանքերը և ձեռնարկենք անհրաժեշտ քայլեր, որոնք երեխաներին հնարավորություն կտան զարգացնելու իրենց նախասիրությունները, զբաղվել գիտությամբ և դրանով նպաստել մեր երկրի զարգացմանը։ Ուրախ եմ, որ այս երեխաները գտել են իրենց այս դաշտում, և մեր քաղաքականությունը պետք է լինի շարունակաբար ընդլայնել մասնակից դպրոցների, ուսուցիչների և սովորողների թիվը, որովհետև, ցավոք, հիմնականում նույն շրջանակից է մասնակցությունը»,- փաստել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ մրցույթին մասնակցությունն արդեն հաղթանակ է։
AESA գիտական օլիմպիադայի կոմիտեի (SOC) նախագահ Սոնա Ջուհարյանն իր հերթին շնորհավորել է բոլոր աշակերտներին քրտնաջան աշխատանքի, նվիրվածության և որակյալ նախագծերի համար. «Մենք խորապես երախտապարտ ենք և անկեղծորեն գնահատում ենք ուսուցիչներին, ծնողներին, դաստիարակներին, հովանավորներին, դոնորներին, կամավորներին, հանձնաժողովի անդամներին և այն աջակիցներին, որոնք AESA-ի 21-րդ գիտական օլիմպիադան դարձրին հաջողված և հիշարժան իրադարձություն»:
Նշենք, որ AESA 21-րդ գիտական օլիմպիադան տեղի է ունեցել մարտի 26-ին և մարտի 27-ին, որին առցանց միացել են մասնակիցներ Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և ԱՄՆ-ից: Այս տարվա օլիմպիադային մասնակցել է միջին և ավագ դպրոցների 87 աշակերտ. 71-ը՝ Հայաստանից, 13-ը՝ ԱՄՆ-ից և 3-ը՝ Արցախից։ Մրցույթին մասնակցել է ՀՀ-ից՝ 14, ԱՄՆ-ից՝ 6 և Արցախից՝ 1 դպրոց:
Նրանք ներկայացրել են 49 հետազոտական կամ փորձարարական նախագծեր՝ ֆիզիկական գիտությունների, կենսաբանության և սոցիալական գիտությունների ոլորտներում: Ուսանողների նախագծերը գնահատվել են ստեղծարարության, գիտական մոտեցման, ըմբռնման և ներկայացման հիման վրա:
Սահմանվել է «Տարվա դպրոց» մրցանակ՝ հիմնված յուրաքանչյուր անվանակարգում և մակարդակում մասնակցող նախագծերի ընդհանուր քանակի վրա: Այս տարի այդ մրցանակը հանձնվել է ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցին:
Մրցանակակիրների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ Գիտական օլիմպիադայի կայքում՝ https://www.aesa.org/science-olympiad/:
Կարծիքներ