Բեռնատարների վարորդներին ստիպե՞լ են փակել ճանապարհները

Բեռնատարների վարորդներին ստիպե՞լ են փակել ճանապարհները

«Հայկական ժամանակ»-ի խմբագրություն է զանգահարել քաղաքացի եւ հայտնել, որ առավոտյան բեռնատարներով փողոց փակած վարորդներին ստիպել են դա անել՝ սպառնալով հակառակ դեպքում աշխատանքից ազատել։ Նա, անվտանգությունից ելնելով, չցանկացավ ներկայանալ, սակայն նշեց, որ ուզում է մեր միջոցով հանրայնացնել խնդիրն ու հրավիրել իրավապահների ուշադրությունը: «Հարկադրաբար հավաքներին մասնակցել ստիպելը օրենքով պատժվում է, եւ ոչ ոք իրավունք չունի մեզ մեր հացից կտրելու վախի գնով նման քայլերի տանել»,- ասաց վերջինս:

Նշենք, որ հավաքներին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ այն գործադրելու սպառնալիքով հարկադրելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: (ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդված): Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը։

Ի դեպ, նկատենք, որ համացանցում հայտնված բեռնատարների լուսանկարների վրա փակցված են «Էյ Դի Էյ Թեք» ընկերության լոգոտիպերը։ Հավելենք, որ, մեր տեղեկություններով, «Էյ Դի Էյ Թեք» ընկերության սեփականատերը Հանրապետական կուսակցության անդամ Արսեն Քարամյանն է։

Նշենք, որ նախորդ մի քանի օրերի նման այսօր ևս Երևանում շարունակվել են ընդդիմադիրների անկանոն գործողությունները՝ փողոցներ փակելը: Ի թիվս մի քանի այլ փողոցների՝ նրանք բետոնախառնիչ և բեռնատար մեքենաներով փակել էին Կիեւյան կամուրջը, Բաղրամյան-Օրբելի խաչմերուկը: Ոստիկանությունը միջոցներ է գործադրել և կարճ ժամանակում վերականգնել երթևեկությունը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում