Քարինտակի սբ. Աստվածածին եկեղեցին ենթարկվում է վանդալիզմի

Քարինտակի սբ. Աստվածածին եկեղեցին ենթարկվում է վանդալիզմի

2021 թվականի մարտ ամսին Karabakh Honor անունով օգտատերը իր յութուբյան ալիքում տեղադրել է մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ վանդալիզմի է ենթարկվում 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի Քարինտակի սբ. Աստվածածին եկեղեցին։

Տեսանյութում հստակ երևում է, որ ջարդված ու կիսված է եկեղեցու խորանի Սուրբ սեղանը, եկեղեցու ներսը տակնուվրա է արված, ադրբեջանցի զինվորականները ներս ու դուրս են անում եկեղեցում, բարձրանում խորանի վրա, անարգում այն, մտնում ավանդատները, որոնք ևս տակնուվրա են արված։ Բացի դա, ակնհայտ է նաև, որ ոտնահարելով քրիստոնեական կառույցի ծիսական գործառույթը ադրբեջանցի վանդալները մահմեդական աղոթք են հնչեցնում  քրիստոնեկան եկեղեցում: Դատելով տեսանյութից,  կարող ենք եզրակացնել, որ Արցախի Քարինտակ գյուղում տեղակայված է ադրբեջանական զինվորական մեծ ստորաբաժանում, որի զինվորները անարգում են հայկական մշակութային ժառանգությունը։  Այս մասին գրում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը:

Համաձայն Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային  ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի  ցանկացած գործողություն։

Ըստ Հաագայի 1954 թվականի  առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և  այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում