Հաստատակամ պիտի ընթանանք դեպի այն Հայաստանը, որը երազել են մեր նախնիները, մեր նահատակները և որը մենք ենք երազում մեր սերունդների համար. վարչապետ (տեսանյութ)

Հաստատակամ պիտի ընթանանք դեպի այն Հայաստանը, որը երազել են մեր նախնիները, մեր նահատակները և որը մենք ենք երազում մեր սերունդների համար. վարչապետ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Ազգային ժողովի մեծարգո նախագահ, կառավարության, օրենսդիր իշխանության, դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ 2021 թվականի ընթացքում կատարած աշխատանքի համար, որովհետև սովորաբար պետական համակարգի աշխատանքից բողոքում են՝ խոսելով բյուրոկրատիայի, քաշքշուկների, ձգձգումների մասին: Բայց ուզում եմ հիշեցնել, որ 2021 թվականը սովորական տարի չէր, և, ըստ էության, 44-օրյա պատերազմի հետևանքների մի զգալի մասը հենց 2021 թվականի ընթացքում զգացինք, տեսանք, այդ հետևանքների հետ առերեսվեցինք: Մեր պետականության առաջ շատ մեծ և վտանգավոր մարտահրավերներ էին կանգնած, և պետք է արձանագրել, որ կարողացանք կառավարել այդ մարտահրավերները:

Իհարկե, դա հեշտ չտրվեց, և այդ մարտահրավերների կառավարման գործում էական է, առանցքային է բոլոր ներկաների, մեր պետական բոլոր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կատարած աշխատանքը: Այդ աշխատանքի համար իսկապես շնորհակալ եմ ձեզնից: Ընդ որում՝ այդ մարտահրավերները հաղթահարելով՝ մենք ոչ միայն չվնասեցինք Հայաստանի՝ որպես ժողովրդավարական երկրի միջազգային համարումը, այլ հակառակը՝ էլ ավելի ամրապնդեցինք:

2021 թվականին երկրում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություներ: Դրանցով մենք կարողացանք ընտրական գործընթացի նոր գործառույթ ի հայտ բերել, երբ ընտրություններով, ի վերջո, ներքին քաղաքական հուզումների մթնոլորտը հաղթահարվեց, այլ ոչ թե հակառակը: Այդ ընտրությունների ընթացքում, դրանից առաջ մեր ամբողջ պետական համակարգը, իրավական համակարգը, դատական համակարգը օրնիբուն աշխատել են: Ընդ որում՝ աշխատել են՝ փորձելով տուրք չտալ էմոցիաներին, փորձելով հավատարիմ մնալ ծառայությանը, առաքելությանը, պետական կարգին: Եվ ակնհայտ է, որ այդ ծառայությունը 2021 թվականին ստացվել է այս մարտահրավերները հասցեագրելու բերումով, ինչն ամենևին չի նշանակում, թե մեր աշխատանքն անթերի է, հակառակը՝ 2020-2021 թվականների ընթացքում մենք ի հայտ ենք բերել մի շարք համակարգային խնդիրներ, որոնք գոյություն ունեն մեր պետական կառավարման համակարգում: Եվ ձևավորվել է օրակարգ, որը պետք է, իհարկե, հետևողականորեն կյանքի կոչենք:

Մեր մեծագույն մարտահրավերն արտաքին անվտանգության ապահովումն է, բայց ես կրկին ուզում եմ ընդգծել, որ արտաքին անվտանգության ապահովումը միայն բանակի և զինված ուժերի գործառույթը չէ, չի եղել և չպիտի լինի: Այն հավասարապես մեր դիվանագիտական ծառայության, մեր պետական կառավարման այլ մարմինների գործառույթն է: Այստեղ ուզում եմ նշել նաև մեր հատուկ ծառայությունների աշխատանքը, մեր խորհրդարանական դիվանագիտության կարևոր առաքելությունը և աշխատանքը: Եվ ուզում եմ ընդգծել նաև, որ ներքին անվտանգության ապահովման գործում նույնպես 2021 թվականին էական մարտահրավերներ ենք հաղթահարել, ընդ որում՝ այդ մարտահրավերները հաղթահարել ենք առանց ցնցումների: Եվ այս առումով էլ ուզում եմ կրկին ընդգծել մեր ուժային կառույցների, իրավակարգի պահպանման կառույցների աշխատանքը:

Հարգելի ներկաներ,
Հարգելի գործընկերներ,

Ուզում եմ շնորհավորել ձեզ, ձեր բոլորի ընտանիքների Ամանորը և Սուրբ Ծնունդը: Ցանկանում եմ հավատալ, որ 2022 թվականը Հայաստանի համար, իսկապես, կլինի վերածննդի տարի: 2020-2021 թվականներին տեղի ունեցած ցնցումները, այդ ցնցումներով լեցուն ճանապարհն անցնելու մեր ընդունակությունը, որը դրսևորվեց, հույս ունեմ, որ մեզ, իսկապես, կօգնի, ավելի կուժեղացնի՝ մեր 44-օրյա, դրանից առաջ՝ քառօրյա, նաև նախկին Արցախյան պատերազմի մեր զոհերին, Հայրենիքի համար կյանքը տված մեր բոլոր նահատակներին արժանի պետություն կառուցելու գործում: Սա թերևս ամենամեծ մոտիվացիան է, որ մենք ունենք: Եվ սա թերևս ամենամեծ մոտիվացիան է, որ մեզ երբեք որևէ պայմաններում, որևէ դեպքում չպետք է թույլ տա երերալ, սասանվել: Մենք հաստատակամ քայլերով պիտի ընթանանք դեպի այն Հայաստանը, որը երազել են մեր նախնիները, որը երազել են մեր նահատակները և որը մենք ենք երազում մեր սերունդների համար:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում