Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. քաղաքագետ
Քաղաքագետ Արեգ Քոչինյանը տպավորություն ունի, որ որոշ շրջանակներ չեն կարողանում հասկանալ, որ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում 2018 թվականին, ոչ թե արդյունք էր ինչ-ինչ քաղտեխնոլոգիաների կիրառման, ինչ-ինչ հաջորդականությամբ կիրառված քաղաքական հնարքների, այլ արդյունք համաժողովրդական բողոքի և պայքարի:
«Իրենց մոտ կա տպավորություն, թե ինչ-որ ալգորիթմ կա, որ պետք է անել, հետո՝ մյուս բանը անել, քաղաքական տեխնոլգիաներ կիրառել, ինչ-որ տեղ քայլել, ճանապարհին մարդկանց վարձել, որ ողջունեն, կամ բինտ է պետք փաթաթել մատի որոշակի հատվածին՝ հերոսական վիճակի մեջ մտնելու համար: Այս մարդկանց ամենամեծ խնդիրն այն է, որ իրենց թվում է, թե հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնք չունեն սեփական կարծիք, և որոնց հնարավոր է մանիպուլացնել քաղաքական տեխնոլոգիաների միջոցով: Էս շարժման բոլոր գործողությունները պետք է կապել այս մտածողության հետ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետը:
Միաժամանակ նա նկատում է՝ մինչ այս պահը չի լսել որևէ քաղաքական առաջարկ. «Չեմ լսել և չեմ էլ լսելու, որովհետև շարժումը ընդամենը իշխանափոխության մասին է, շարժման մեջ որևէ այլ բովանդակություն չկա: Այս շարժման իրական շահառուները ժողովրդավարական, թափանցիկ, արդար ընտրությունների պարագայում չեն կարող իշխանություն ստանալ և միակ նպատակը այլ ճանապարհով իշխանություն վերցնելն է»,- կարծում է Քոչինյանը:
Ըստ նրա՝ գործընթացն ունի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին շահառուներ. «Դելիմիտացիային ու դեմարկացիային, Հայաստանի արտաքին քաղաքական կուրսին դեմ դուրս գալը ունի միայն մեկ շահառու՝ ՌԴ-ն: Իսկ ներքին քաղաքականության մեջ առանձնապես գաղտնիք էլ չի մնացել, մեկը մեկի ետևից այն քաղաքական ուժերը, որոնք ողջունեցին շարժումը՝ դաշնակցությունը իր տերով, հանրապետականը՝ իր տերով, Վանեցյանի կուսակցությունը, ԱԺԲ-ն, ԴՈԳ-ը և այսպես շարունակ»:
Զրուցակիցը կարծում է, որ Հայաստանում եկեղեցու և պետության մեջ ճգնաժամ չկա, ըստ նրա՝ ճգնաժամ կա եկեղեցու և նրա 10 ներկայացուցչի ու պետության միջև:
«Խնդիրը ոչ թե եկեղեցում է, այլ եկեղեցում տեղակայված 10 հոգու մեջ, և պետությունը պետք է հնարք գտնի այդ 10 հոգու հետ հարաբերությունները կարգավորելու համար»,- ասում է Քոչինյանը: Հարցին, թե ինչպե՞ս, վերջինս արձագանքում է. «Պատմական նախադեպեր կան, երբ Հայաստանում կաթողիկոսները հեռացել են իշխանությունից: Կաթողիկոսի հեռանալուց հետո, երբ կընտրվի եկեղեցու և պետության հավատարիմ կաթողիկոս, և իմ ասած 10 հոգու հարցն էլ կլուծվի, կարծում եմ՝ ճգնաժամն էլ կհանգուցալուծվի»:
Քաղաքագետը հիշեցնում է՝ հին ասույթ կա՝ «Աստծունը՝ Աստծուն, կայսրինը՝ կայսրին». «Քաղաքական գործիչները թող զբաղվեն քաղաքականությամբ, եկեղեցականները՝ եկեղեցով ու կրոնով, թե չէ սա ոչ մի լավ տեղ չի տանելու: Իշխանությունը կարող է խոսել քաղաքական սուբյեկտների հետ, բայց ես չեմ պատկերացնում, թե ինչ պետք է խոսի արքեպիսկոպոսի հետ, ի՞նչ քննարկի»:
Դիտարկմանը, թե մեդիադաշտ է նետվել թեզ, որ Բագրատ Գալստյանը հենց ինքն էլ կարող է լինել վարչապետի թեկնածու վարչապետի հրաժարականի դեպքում, Քոչինյանը արձագանքում է շատ կարճ. «Խելագարություն է»:
Կարծիքներ