Որոշումն ամբողջությամբ իմն է․ Տիգրան Պետրոսյանն ազատվել է ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնից

Որոշումն ամբողջությամբ իմն է․ Տիգրան Պետրոսյանն ազատվել է ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնից

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Տիգրան Պետրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում Պետրոսյանը գրել է․

«Հարգելի ընկերներ,
ՀԱՊՀ հարգարժան գործընկերներ,
մասնաճյուղի սիրելի ուսանողներ և աշակերտներ,

Երեկ ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարի կարգավիճակում վերջին անգամ մասնակցել եմ մասնաճյուղի գիտական խորհրդի նիստին, որտեղ ներկայացրել եմ մասնաճյուղի 2021-2022թթ. ուսումնական տարվա գործունեության հաշվետվությունը, մասնաճյուղի և ընդհանրապես մարզային կրթության բնագավառում առկա մարտահրավերներին դիմագրավելու նշմարվող ուղիների իմ տեսլականը:

Օգտվելով առիթից՝ իմ խորին շնորհակալություն եմ հայտնել մայր բուհի և մասնաճյուղի ողջ անձակազմին, ուսանողական ու աշակերտական համակազմին՝ նպատակասլաց և արդյունավետ աշխատանքային տարվա համար: Հուսամ՝ անձամբ առիթ և ցանկություն կունենաք այցելելու, ծանոթանալու պոլիտեխնիկյան մեր նորացված առօրյային և, ինչու ոչ, ձեր և ձեր հարազատների կրթության կարևոր առաքելությունը վստահել մեր մասնաճյուղին:

Նշեմ, որ դիմում էի ներկայացրել ՀԱՊՀ ռեկտորին մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ, որն ընդունվել է: Շնորհակալ եմ Գոռ Վարդանյանին լիարժեք վստահության և այս ամբողջ ընթացքում մասնաճյուղին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար, որի վերջին դրսևորումն էր հենց երեկ մասնաճյուղում բացված նոր համակարգչային լաբորատորիան: Առավել քան վստահ եմ, որ Պոլիտեխնիկը լուրջ առաջընթաց է գրանցելու նրա ղեկավարման տարիներին:

Այս ընթացքում շրջանառվող շահարկումներին վերջ տալու նպատակով շեշտեմ, որ սույն որոշումն ամբողջությամբ իմն է: Շարունակելու եմ դասավանդել իմ հարազատ բուհում, ղեկավարել ուսանողների ավարտական աշխատանքներ, աշխատել և ջատագովել հանուն մեր երկրում և հատկապես մարզերում որակյալ կրթական միջավայրերի ձևավորման, սակայն օրվա իրողություններում ինձ չեմ տեսնում կրթության ոլորտի պաշտոնատար անձի կարգավիճակում: Չեմ ցանկանում առավել ընդլայնվել պատճառների ներկայացման հարցում և պետք է խնդրեմ լրատվական դաշտին պարզապես ի գիտություն ընդունել այս մոտեցումը և դրանից վերնագրեր չսարքել. «սենսացիոն» վերնագրերի պակաս այսօր, ցավոք, չկա...

Հաջողություններ եմ ցանկանում իմ գործընկեր Արթուր Կոստանդյանին այս պատասխանատու պաշտոնում և աջակցությունս եմ հայտնում Գյումրու մասնաճյուղի զարգացման բոլոր նախաձեռնություններում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում