Հանրային քննարկման է դրվել ՀՀ ֆինանսական կրթման ազգային ծրագրի և 2021- 2025թթ. գործողությունների պլանի նախագիծը

Հանրային քննարկման է դրվել ՀՀ ֆինանսական կրթման ազգային ծրագրի և 2021- 2025թթ. գործողությունների պլանի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսական կրթման ազգային ծրագրի և 2021-2025 թվականների գործողությունների պլանի նախագիծը: Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև մայիսի 26-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

ՀՀ ֆինանսական կրթման ազգային ծրագիր

Հաշվի առնելով բնակչության ֆինանսական ունակությունների զարգացման կարևորությունը՝ դեռևս 2014 թվականին Կառավարության հավանությանն են արժանացել ՀՀ ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունը և 2014-2019 թվականների գործողությունների ծրագիրը: Այս ընթացքում ռազմավարության ներքո տարբեր պետական, մասնավոր և հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ իրականացվել են ֆինանսական կրթման մի շարք ծրագրեր դպրոցականների, ուսանողների և լայն հանրության համար։

2019 թվականին Կենտրոնական բանկն իրականացրել է «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների գնահատում» հետազոտությունը, որի արդյունքների հիման վրա 2020 թվականին Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովը կազմել է ֆինանսական կրթման ազգային ծրագիրը և 2021-2025 թվականների գործողությունների նոր պլանը՝ «Միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամի» և Գերմանիայի կառավարության աջակցությամբ: Ռազմավարության իրականացման աշխատանքները համակարգել են ՀՀ Կենտրոնական բանկը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Վերջինս պատասխանատու է ուսումնական հաստատություններում ֆինանսական կրթության համար: Հանձնաժողովում ընդգրկված ԿԲ-ն և մյուս  կառույցները պատասխանատու են ֆինանսական կրթման այլ ծրագրերի մշակման ու  իրականացման համար:

Նոր ծրագրի նախագծով ամփոփվում է ՀՀ ֆինանսական կրթման ազգային ծրագրի իրագործման առաջին փուլի (2014-2019 թվականներ) ընթացքում գրանցված առաջընթացը, ինչպես նաև ներկայացվում են 2021-25 թվականների տեսլականը և գործողությունների պլանը: Փաստաթղթում սահմանվում են ֆինանսական կրթության առաքելությունը, նպատակները, նպատակային ցուցանիշները, խնդիրները, ուղղորդող սկզբունքները, թիրախային խմբերը և նրանց ուղղված ծրագրերը, դրանց արդյունավետության գնահատման և ֆինանսավորման մոտեցումները։ Ֆինանսական կրթման ազգային ծրագիրը նախատեսում է մի շարք գործողությունների ծրագրեր. օգնել երկրի բնակչությանը, որպեսզի ձեռք բերեն գիտելիքներ, հմտություններ, ձևավորել վերաբերմունք և վարքագիծ, որոնք անհրաժեշտ են անձնական ֆինանսներն առավելագույնս արդյունավետ կառավարելու համար:


«Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիր (2014-2019 թթ.)

«Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիրը գործարկվել է 2014 թ.-ին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ ԿԲ-ի միջև համագործակցության արդյունքում: Ծրագրի նպատակն էր ապահովել ֆինանսական կրթություն ոչ միայն աշակերտների, այլև նրանց ընտանիքների անդամների համար: Ֆինանսական կրթության թեմաները ներառվել են տարրական, միջին և ավագ դպրոցների չորս առարկաներում՝ «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն»: Մշակվել և հաստատվել են կրթական չափորոշիչներ, ծրագրեր ու այլ ուսումնական և ուսումնաօժանդակ նյութեր: 2017-2018 ուսումնական տարում պիլոտային ծրագիրն իրականացվել է 14 դպրոցներում: Ծրագրի արդյունավետությունը գնահատվել է ֆոկուս խմբերի միջոցով` ցույց տալով ծրագրի դրական ազդեցությունը:       Այդ արձագանքի հիման վրա 2018-2019 ուսումնական տարում մեկնարկել է ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը։ 2019 թ. դեկտեմբերի դրությամբ՝ ֆինանսական կրթություն է իրականացվել 685 դպրոցում՝ ընդգրկելով հանրակրթական ուսհաստատությունների շուրջ 50%-ը: Ընդհանուր առմամբ՝ 220,000 աշակերտ ստացել է ֆինանսական կրթություն, իսկ 4,951 ուսուցիչ՝ վերապատրաստվել:


Ուսանողներին ֆինանսական կրթության տրամադրում (2014-2019 թթ.)

ՀՀ ԿԲ-ն համագործակցել է համալսարանների հետ՝ ապահովելու ուսանողներին ֆինանսական կրթության տրամադրումը: Օրինակ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանն ունի «Անձնական ֆինանսների ներածություն» դասընթաց: ԿԲ-ն վերապատրաստել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի մի շարք դասախոսների՝ այդպիսով հնարավորություն տալով նրանց ապահովել իրենց ուսանողների ֆինանսական կրթությունը: «Իմ ֆինանսների ամիս» և «Փողի միջազգային շաբաթ» ծրագրերի բազմաթիվ միջոցառումներ հիմնականում թիրախավորել են ուսանողներին։ «Իմ ֆինանսների ամիս» ծրագրի միջոցառումների շարքը ներառել է ֆինանսական բանավեճեր՝ Եվրոպական երիտասարդական պառլամենտի հետ համագործակցությամբ, ֆինանսական թեմաներով ինտելեկտուալ առաջնություն՝ «Հայ գիտնականների ասոցիացիայի» հետ համագործակցությամբ և այլն:

2021-2025 թթ. գործողությունների ծրագիր

2021-2025 թթ. գործողությունների ծրագրի թիրախային խմբերն են աշակերտները, ուսանողները, գյուղական համայնքները, կանայք և ընտանիքները, միգրանտներն ու աշխատողները: Գործողությունների պլանը մշակելիս հաշվի են առնվել նախորդ ժամանակահատվածի ընթացքում քաղված դասերը և բազմակողմանի քննարկումները:

«Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիրը նախատեսվում է ընդլայնել՝ մինչև 2022-2023 ուսումնական տարին ընդգրկելով հանրապետության բոլոր դպրոցները և 4 առարկաների ուսուցիչներին: Դպրոցներում ֆինանսական կրթությունն արդյունավետ իրականացնելու նպատակով  «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաները դասավանդող այն ուսուցիչները, ովքեր դեռևս վերապատրաստում չեն անցել, մինչև 2022-2023 ուսումնական տարվա վերջ կվերապատրաստվեն: ԿԲ-ն կհամագործակցի Մանկավարժական համալսարանի հետ` կազմակերպելու ֆինանսական կրթություն մատուցելու վերապատրաստում այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են դառնալ վերոնշյալ առարկաների ուսուցիչ: ԿԲ-ն  կփոխգործակցի նաև այլ բուհերի հետ, որոնք իրականացնում են վերոնշյալ առարկաների ուսուցիչների ուսուցում:

Բացի դրանից՝ ԿԲ-ն կաջակցի ընթացիկ նախաձեռնությունների իրականացման շարունակականությանը և կօժանդակի մի շարք բուհերի՝ ուսանողներին ֆինանսական կրթություն տրամադրելու համար: «Իմ ֆինանսների ամիս» և «Փողի միջազգային շաբաթ» ամենամյա ծրագրերը կշարունակեն ընդգրկել հիմնականում ուսանողներին ուղղված բազմազան մրցույթներ ու միջոցառումներ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում