Facebook-ն արգելափակել է Թրամփի աջակիցների 350 000 հոգանոց էջը

Facebook-ն արգելափակել է Թրամփի աջակիցների 350 000 հոգանոց էջը

Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքն արգելափակել է Stop the Steal («Դադարեցրե՛ք գողությունը») խմբի էջը, որի անդամները գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցներն էին և կոչ էին անում հօգուտ իրենց թեկնածուի փողոց դուրս գալ,  հանրահավաքներ կազմակերպել, գրում է USA Today-ը:

Խմբի անդամների պնդմամբ՝ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը փորձում է «գողանալ նախագահական ընտրությունները»: 

Հատկանշական է, որ ֆեյսբուքյան հարթակում արգելափակված խումբն ունեցել է 350 000 հետևորդ, իսկ ընտրությունների ավարտին հաջորդած երկու օրվա ընթացքում այնտեղ արվել է մոտ յոթ հազար հրապարակում:

Բացի այդ, Facebook-ը նաև արգելափակել է Stop the Steal հեշթեգի կիրառումը:

Սոցկայքն իր որոշումը բացատրել է նրանով, որ վերահիշյալ խումբն ընտրությունների վերաբերյալ անհիմն ապատեղեկատվություն է տարածում:

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում դժգոհել է ընտրություններից հետո իր իսկ պնդմամբ իրականացված կեղծիքների մասով և խոստացել դատական գործընթացներ սկսել դրանց առնչությամբ: 

«Այդ բոլոր նահանգներում ընտրություններին հաջորդող ուշ գիշերը ես մեծ առավելություն ունեի, սակայն օրերի ընթացքում այդ առավելությունն առեղծվածային կերպով անհետացել է: Միգուցե, ձայների առավելությունը կվերադարձնենք դատական ընթացակարգերի միջոցով»,- գրել է Թրամփը: 

Խոսելով հայտարարությունների մասին առ այն, որ Բայդենն արդեն իսկ հաղթանակ է տարել ընտրություններում, Թրամփը նշել է, որ նման հայտարարություններ ինքը նույնպես կարող է կատարել և որ դատական ընթացակարգերը դեռ նոր են սկսվում. այսինքն՝ ամեն բան առջևում է: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում