Ովքեր կստանան փախստականի կարգավիճակ, անձը հաստատող ինչ 2 փաստաթուղթ է ամրագրել ՀՀ կառավարությունը

Ովքեր կստանան փախստականի կարգավիճակ, անձը հաստատող ինչ 2 փաստաթուղթ է ամրագրել ՀՀ կառավարությունը

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տալու որոշման վերաբերյալ, որը հաստատվել է երեկ կայացած Կառավարության նիստի ժամանակ:

«ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի շնորհիվ մեր հայրենակիցները կկարողանան ավելի բարձր պաշտպանվածություն ունենալ թե՛ Հայաստանի Հանրապետության տարածքում, թե՛ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս: Ինչո՞ւ, որովհետև ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի ուժով մեր հայրենակիցները «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, ըստ էության, ճանաչվում են փախստականներ և օգտվում են միջազգային կոնվենցիոն բոլոր մեխանիզմներից և, ըստ էության, միջազգային պաշտպանության ներքո են գտնվում թե՛ Հայաստանի Հանրապետության տարածքում, թե՛ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս»,- նշել է Արփինե Սարգսյանը և հավելել, որ կարգավիճակը տրվելու է մեկ տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությունը ևս նախատեսված է Կառավարության որոշման շրջանակներում։

«Կառավարության որոշումը նաև հստակեցնում է, թե որ սուբյեկտներին է, ըստ էության, տրվում այսպիսի կարգավիճակ: Որոշումն առանձնացնում է երեք խումբ անձանց: Առաջին խմբի ներքո ներառվում են այն անձինք, ովքեր հաշվառված են այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրում: Երկրորդ խումբ անձինք նրանք են, ովքեր թեև հաշվառում չունեն, սակայն նրանց վերջին հաշվառման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղը: Նաև նրանք, ովքեր հաշվառված չեն Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրում, սակայն բռնի տեղահանման արդյունքում հաշվառվել են Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից վարվող տվյալների շտեմարանում: Բացառություն են կազմում այն անձինք, ովքեր ունեն այլ երկրի քաղաքացիություն»,-ասել է ՆԳ նախարարի տեղակալը:

Արփինե Սարգսյանը նշել է, որ կարգավիճակը տրվում է ավտոմատ և այն ստանալու համար որևէ գործողություն կատարելու անհրաժեշտություն չկա և հավելել, որ շուտով բռնի տեղահանված անձինք հնարավորություն կունենան հաշվառվելու ՀՀ բնակչության պետական ռեգիստրում:

ՆԳ նախարարի տեղակալը հավելել է, որ Կառավարությունը երկու տեսակ անձը հաստատող փաստաթուղթ է ամրագրել իր որոշման շրջանակներում, որոնցից մեկը Հայաստանի Հանրապետության կապույտ անձնագիրն է, իսկ երկրորդը Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի մասին հավաստող վկայականն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում