Ովքեր կբացեն ZAZ-ի երևանյան մենահամերգի երեկոն
«ՀԱՅԱ» փառատոնը ներկայացնում է ֆրանսիացի հայտնի և սիրված փոփ երգչուհի ZAZ-ի առաջին մենահամերգը Հայաստանում։ Երկար սպասված մենահամերգը տեղի կունենա հունիսի 25-ին Երևանի Հրազդան մարզադաշտում: «ՀԱՅԱ» փառատոնը սիրով հայտնում է, որ համերգային երեկոյի բացումը կանեն «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը և երիտասարդ տաղանդաշատ հայ երաժիշտ Պարգը։
Համերգի հրավիրյալ կատարողն է հայ սիրված դուդուկահար Կամո Սեյրանյանը, ով հայկական դուդուկի կախարդական հնչողությունը կփոխանցի հանդիսատեսին ZAZ-ի հետ համատեղ կատարմամբ: Համերգային հարթակ դարձած մարզադաշտը իր նորացված տեսքով կզարմացնի ոչ միայն տեղացի հանդիսատեսին, այլ նաև Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին։
Փառատոնի անվանի հյուրն է աշխարհահռչակ ռեփ երաժիշտ 50 Cent-ը, ում համերգը G-Unit բենդի հետ տեղի կունենա հուլիսի 1-ին: Led Zeppelin Symphonic բացառիկ նախագիծը տեղի կունենա հուլիսի 9-ին: Լեգենդար խմբի երաժշտությունը կատարում են երեք ֆենոմենալ երգիչներ London West End-ից՝ բրիտանական լավագույն ռոք խմբի և սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ:
Ընդհանուր ներկայացված է 25 երգ, որոնց թվում են ամենահայտնի հիթերը՝ Whole Lotta Love, Black Dog, Kashmir, Rock & Roll, Dazed & Confused, Stairway to Heaven: Նախագիծը ստեղծվել է լեգենդար խմբի անդամների աջակցությամբ, ովքեր ներկա են եղել ծրագրի ցնցող հաջողությամբ կայացած պրեմիերային Լոնդոնում: «ՀԱՅԱ»-ն նոր նախագիծ է, որի առաքելությունն է Հայաստանում ստեղծել համերգային գործունեության նոր ձևաչափ և ստանդարտներ:
Այն նախատեսված է տասնյակ հազարավոր հանդիսատես ունեցող լայնածավալ միջոցառումների համար: Ողջ տարածաշրջանում ՀԱՅԱ փառատոնը տարբեր երաժշտական ժանրերի աշխարհի թիվ մեկ արտիստների հետ հանդիպման վայր է:
Այն նոր էջ է բացում Հայաստանի զբոսաշրջության ոլորտի համար և ստեղծում տնտեսական զարգացման նոր խթաններ: Փառատոնի համերգները վայելելու է 30-50 հազար հանդիսատես: «ՀԱՅԱ» փառատոնի հիմնադիրն է «Երևանյան Հեռանկարներ» 23-րդ միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը: Ստեղծագործական թիմը բաղկացած է Հայաստանի լավագույն մասնագետներից և միջազգային փորձագետներից:
Կարծիքներ