Ինչ է միզաքարային հիվանդությունն ու որոնք են դրա հիմնական ախտանշանները
Միզաքարային հիվանդությունը բավական տարածված ախտաբանություն է, որը բնորոշվում է արտազատական համակարգում պինդ նյութերից առաջացած բյուրեղների կուտակմամբ։ Սա ամենատարածված ուրոլոգիական հիվանդությունն է, որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, ուստի դրա ախտանշաններն իմանալը շատ կարևոր է։
Միզաքարային հիվանդության հիմնական ախտանշանները
Միզաքարային հիվանդությունը կարող է դրսևորվել մի շարք տհաճ ախտանշաններով, որոնք նկատելու դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին ու սկսել բուժումը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն ախտանշանները, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։
Ցավ
Այս հիվանդության դեպքում ցավի ինտենսիվությունը կարող է տարբեր լինել։ Այն կարող է շատ թույլ լինել ու գրեթե չնկատվել կամ լինել չափազանց ուժգին ու գրեթե անտանելի։ Որպես կանոն ցավը պարբերաբար ուժգնանում ու մեղմվում է, սակայն երբեք լիովին չի անհետանում։ Միզաքարային հիվանդությունը հաճախ է ուղեկցվում սաստիկ ցավով՝ երիկամային խիթով, որի իմպուլսները սովորաբար շարունակվում են 20-60 րոպե։ Ցավը կարող է ի հայտ գալ կտրուկ, սակայն կարող է և առաջանալ երկար քայլելուց, մեծ քանակությամբ ջուր խմելուց, ցնցումներից կամ ինտենսիվ ֆիզիկական աշխատանքից հետո։ Հաճախ միզաքարային հիվանդությամբ պայմանավորված ցավը տարածվում է միզապարկի, սեռական օրգանների կամ ազդրի հատվածում։ Այն կարող է տեղակայվել նաև կողային հատվածում կամ որովայնի ստորին հատվածում, ուստի նման ցավը չի կարելի անուշադրության մատնել։
Մեզի մեջ արյան հետքեր
Միզաքարային հիվանդության դեպքում հիվանդների մեծ մասի մոտ նկատվում է հեմատուրիա (արյունամիզություն)։ Արյան առկայության հետևանքով մեզը կարող է ստանալ վարգագույն կամ կարմիր երանգ, սակայն որոշ դեպքերում արյունն անզեն աչքով նկատելն անհնար է լինում և այն հաջողվում է հայտնաբերել միայն հատուկ հետազոտության միջոցով։
Մեզի մեջ ավազի առկայություն
Միզաքարային հիվանդությանը բնորոշ ամենատարածված ախտանշաններից մեկն է մեզի մեջ ավազի առկայությունը։ Իրականում դրանք այն երիկամային քարերն են, որոնք շատ մանր են և կարող են մեզի հետ դուրս գալ օրգանիզմից։
Այլ ախտանշաններ
Վերոնշյալ ախտանշաններից բացի միզաքարային հիվանդությունը կարող է դրսևորվել նաև մի շարք այլ ախտանշաններով, որոնց շարքին են դասվում սրտխառնոցն ու փսխումը, ցավով ուղեկցվող միզազատությունը և արտասովոր հաճախամիզությունը։
Կարծիքներ