Համագործակցել է «Տելեգրամ» հավելվածի օգտատիրոջ հետ և թմրամիջոց իրացրել. 43-ամյա քաղաքացի է կալանավորվել

Համագործակցել է «Տելեգրամ» հավելվածի օգտատիրոջ հետ և թմրամիջոց իրացրել. 43-ամյա քաղաքացի է կալանավորվել

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով թմրամիջոցի՝ առցանց հարթակների օգտագործմամբ ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել։

 

«2024 թվականի օգոստոսի 21-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ ծառայողները Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում կանգնեցրել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի 43-ամյա վարորդը, ի պատասխան ոստիկանների՝ արգելված իրեր և առարկաներ պահելու վերաբերյալ բանավոր հարցմանը, պատասխանել է, որ ավտոմեքենայում թմրանյութի փաթեթներ կան: Վերջինս տեղափոխվել է Ոստիկանության բաժին։

 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 396-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշված անձը, հանցանք կատարած լինելու հիմքով, ձերբակալվել է:

 

Քննությամբ պարզվել է, որ տղամարդը կապ է հաստատել «Տելեգրամ» հավելվածի մի օգտատիրոջ՝ նախաքննությամբ դեռևս չպարզված անձի հետ և պայմանավորվածություն ձեռք բերել՝ վերջինիս կողմից իրեն թմրամիջոցով համալրված փաթեթներ տրամադրելու շուրջ, որոնք, եկամուտ ստանալու ակնկալիքով, 43-ամյա տղամարդը պետք է տեղադրեր Երևան քաղաքի տարբեր հատվածներում և օգտատիրոջն ուղարկելով արդեն իսկ տեղադրված փաթեթների կոնկրետ գտնվելու վայրերի լուսանկարները, մի խումբ անձանց միջև ձեռք բերված նախնական պայմանավորվածությամբ, շահադիտական դրդումներով, ապօրինի իրացվեին։

 

Փաստական տվյալների համաձայն՝ նշված օգտատիրոջ հետ նախնական պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո տղամարդը վերցրել է մարիխուանա տեսակի թմրամիջոցով համալրված փաթեթները, որոնցից առնվազն մեկ փաթեթն ապօրինի իրացրել է՝ տեղադրելով այն պայմանավորված վայրում:

 

Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից, օրենքով սահմանված կարգով, կատարվել են բնակարանի, ավտոմեքենայի և թվային խուզարկություններ:

 

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձի անձնական խուզարկությամբ հայտնաբերված բջջային հեռախոսի մեջ հայտնաբերվել են թմրանյութերի պահման թաքստոցների լուսանկարներ՝ թմրամիջոցի գտնվելու վայրի կոնկրետ կոորդինատներով:

 

«Օպել» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնի կողմից առգրավվել են թվով 25 փաթեթ առերևույթ թմրանյութին նմանվող, կպչուն ժապավենով փաթաթված փաթեթներ՝ 44,63 գրամ ընդհանուր քաշով թմրանյութին նմանվող զանգվածով:

 

Օգտագործելով բջջային հեռախոսում կատարված թվային խուզարկությամբ հայտնաբերված տեղեկատվությունը՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է 1 փաթեթ կպչուն ժապավենով փաթաթված դեղնականաչավուն բուսական զանգված և կպչուն ժապավեն:

 

Հայտնաբերված զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ, որոնցից որոշներով արդեն իսկ հաստատվել է, որ դրանք մարիխուանա տեսակի թմրամիջոց են։

 

43-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

 

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցներ՝ նրա հանցակցի ինքնությունը պարզելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող ողջ շղթան բացահայտելու, թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

 

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում