Կառուցապատող ընկերությունը պետությանը պատճառել է 246 մլն դրամի վնաս, վերականգնվել է 100 մլն դրամը. ՔԿ

Կառուցապատող ընկերությունը պետությանը պատճառել է 246 մլն դրամի վնաս, վերականգնվել է 100 մլն դրամը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու հերթական դեպքի մի շարք հանգամանքներ։

 

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020 թվականին կառուցապատող ընկերությունը Երևան քաղաքի համայնքի կողմից ստացել է շինարարության թույլտվություն` Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամասում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման համար: 2024 թվականի հունվարի 22-ին ընկերությանը տրամադրվել է ավարտական ակտը: Ընկերության կողմից 2024 թվականի ապրիլի 18-ի դրությամբ իրականացվել է 14 միավոր գույքի սեփականության իրավունքի գրանցում՝ ընդհանուր 202.565.000 ՀՀ դրամ արժեքով։

 

2024 թվականի փետրվար, մարտ և ապրիլ ամիսների համար նշված ընկերության կողմից ներկայացվել են ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ, որոնցում թաքցվել են հարկման օբյեկտները, մասնավորապես` չեն արտացոլվել ընկերության կողմից ապրանքների մատակարարման՝ անշարժ գույքերի սեփականության իրավունքների գրանցման արդյունքում առաջացած ԱԱՀ-ով հարկման բազաները։ Արդյունքում պետությանը պատճառվել է 246.661.988 ՀՀ դրամի վնաս:

 

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2024 թվականի ընթացքում ընկերության տնօրենի կողմից պետական բյուջե է վճարվել պատճառված վնասից 100.000.000 ՀՀ դրամը:

 

Նախաքննությունը շարունակվում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում