Իրանի դեսպանը հնարավոր է համարել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում ՌԴ-ի հետ համապարփակ պայմանագրի ստորագրումը
Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը կարող է ստորագրվել հոկտեմբերին Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում կամ ավելի ուշ նախագահների առանձին հանդիպման ժամանակ, փաստաթղթի մշակումն ավարտված է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։«Մենք այդ հարցի շուրջ զրուցել ենք ռուս գործընկերների հետ: Առաջին գաղափարն, իրոք, սա է,-ասել է դիվանագետը՝ պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյո՞ք պայմանագիրը ստորագրվել ԲՐԻԿՍ-ի Կազանի գագաթնաժողովում։Նրա խոսքով՝ այդ գագաթնաժողովը մասշտաբային միջոցառում է։
«Հրավիրված են բազմաթիվ երկրների առաջնորդներ։ Բացի այդ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կլինի հյուրընկալող կողմը, իսկ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջին այցը կունենա ՌԴ: Մենք կարող ենք նաև հետաձգել այդ փաստաթղթի ստորագրումն առանձին հանդիպման ժամանակ կամ Թեհրանում, կամ Մոսկվայում։ Դրանով հիմա զբաղվում են, երկու տարբերակ է դիտարկվում։ Մինչ օրս որոշում չի կայացվել։ Առաջին տարբերակը փաստաթղթի ստորագրումն է Կազանի գագաթնաժողովի շրջանակներում։ Երկրորդ տարբերակը առանձին հանդիպման ժամանակ է»,-ասել է դեսպանը։
Դեսպանը նաև ընդգծել է, որ երկրների միջև մեծ պայմանագրի մշակման գործընթացն ավարտված է:
«Մենք փաստացի վերջնականացրել ենք այն, ներպետական ընթացակարգեր են անցնում։ Փաստաթուղթը պատրաստվում է ստորագրման»,-հավելել է Ջալալին։ ԲՐԻԿՍ գագաթնաժողովը Կազանում տեղի կունենա հոկտեմբերի 22-24-ը։
Կարծիքներ