ՀՀ փոխվարչապետ Գրիգորյանն անդրադարձավ Արցախի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն առչվող հարցին
ՀՀ կառավարությունը Արցախի աջակցման 21 միջոցառումներ արդեն իսկ մշակել է, որոնք կարող են իրականացվել ցանկացած պահի, սակայն դա կախված է իրադարձությունների զարգացումից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի՝ Արցախի սոցիալ-տնտեսական վիճակին առնչվող հարցին և հետագա անելիքներին։
«Այստեղ ավելի կարևոր է, թե այս իրավիճակում ինչպիսին կլինի տնտեսական իրավիճակը և ինչ ազդեցություն կունենան գների աննխադեպ մարտահրավերները, այդ թվում՝ Արցախի մեր հայրենակիցների համար և, ըստ այդմ, մենք միջոցառումները կիրականացնենք»,- նշեց Գրիգորյանը։
Փոխվարչապետի խոսքով՝ միջոցառումների ցանկը արդեն իսկ հրապարակվել է Կառավարության կայքում։ Գրիգորյանը դժվարացավ պատասխանել, թե որ միջոցառումները առաջնային կիրականացվեն, սակայն վստահեցրեց, որ նույնիսկ զանգվածային սոցիալական աջակցության միջոցառումները և ենթակառուցվածքների կառուցման հետ կապված ծրագրերը իրականացնելու բոլոր ունակությունները կան։
«Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի 2021 թվականը Արցախի բյուջեի համար լինի ինստիտուցիոնալ տարի, որպեսզի հնարավոր բոլոր միջոցառումները իրականացվեն Արցախի կառավարության կողմից։ Ցանկություն կար, որ 2022 թվականի սոցիալական աջակցության թիրախային միջոցառումները ևս իրականացվեն Արցախի ինստիտուցիոնալ գործիքակազմով, բայց չեմ բացառում, որ ինչ-որ պահ պետք կլինի, որպեսզի զուգահեռվի, և հավելյալ ծրագրեր իրականացվեն նաև Հայաստանի կառավարության կողմից»,- եզրափակեց Գրիգորյանը։
Կարծիքներ