Թե Շտապօգնության, թե մնացած բուժաշխատողների աշխատավարձերի աստիճանական աճ պետք է ապահովենք. նախարար
Կառավարության ծրագրում ամրագրված է, իսկ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վերահաստատում է, որ բուժաշխատողների աշխատավարձերի աստիճանական աճ պետք է ապահովեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավանեսյանն այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի՝ Շտապօգնության ծառայության աշխատակիցների վերաբերյալ հարցին:
«Մենք պետական բյուջեից տարեցտարի ավելացնում ենք Շտապօգնության ընդհանուր բյուջեն: Ծառայության մեջ ներդրումը մշտական բնույթ է կրում: Վերջին 1-2 տարիների ընթացքում մենք թարմացրել ենք ավտոպարկը՝ թե պետության կողմից գնված նոր մեքենաներով, թե ակտիվ համագործակցության արդյունքում այլ երկրներից կառավարական դրամաշնորհների շրջանակում գնվող մեքենաների ձեռքբերմամբ: Մենք այս պահին, կարելի է ասել, ունենք բավարար ավտոպարկ Շտապօգնության ողջ ծառայությունը ՀՀ-ում կազմակերպելու համար»,-ասաց Ավանեսյանը:
Վերջին 2 տարում, նախարարի խոսքով, պարկը համալրել են նաև ամենագնաց մեքենաներով, որոնք այսօր բավական կարևոր դեր են կատարում սահմանամերձ, լեռնային գոտիներում ծառայությունը հասանելի դարձնելու համար:
« Ոչ միայն Շտապօգնության ծառայության, այլ նաև ընդհանուր առմամբ՝ թե առաջնային օղակի, թե մնացած բժիշկների աշխատավարձերի աստիճանական աճ պետք է ապահովենք: Եվ դա հստակ կերպով ամրագրված է կառավարության ծրագրում»,-շեշտեց Ավանեսյանը:
Նախարարությունը Երևանի Շտապօգնության ծառայության բեռը թեթևացնելու համար առանձնացել է Covid ծառայության մեքենաներ, բրիգադներ, որոնք իրենց վրա են վերցրել հիմնական կորոնավիրուսով պացիենտների տեղափոխումը:
Կարծիքներ