«Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ուսումնական ծրագրին դիմելու հնարավորություն
«ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամը հայտարարել է «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» նոր ուսումնական ծրագրի մասին։
Ծրագրի նպատակն է աջակցել ուսանողներին՝ ունենալու մասնագիտական զբաղվածություն: Ծրագրին կարող են դիմել ՀՀ բոլոր բուհերի, ինչպես նաև հավատարմագրված համալսարանների 3-րդ կուրսի հետևյալ մասնագիտությունների ուսանողները՝ հաշվապահ, տնտեսագետ, ճարտարագետ, տվյալագետ և միջմշակութային հաղորդակցություն։
Ծրագրի շրջանակում ուսանողները 1 տարվա ընթացքում հնարավորություն կունենան՝
տարբեր կազմակերպությունների թոփ մենեջերների կողմից յուրաքանչյուր ամիս ստանալու 24 ժամյա կուրսեր՝ կրթական ժամանակակից պահանջներին և գիտելիքներին համապատասխան,
կարճ ժամանակահատվածում ձեռք բերելու ժամանակակից և մրցունակ մասնագիտություն,
կազմակերպության ներսում մասնակցելու և յուրացնելու կարևոր գործառնական հմտություններ,
ծրագրի ավարտին ունենալ հիմնական աշխատանք՝ իրենց մասնագիտությամբ։
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել CAMPUS հավելվածում և ուղարկել մասնակցության հայտ [email protected] էլ․ հասցեին՝ թեմա հատվածում նշելով՝ «Կրթությունից աշխատանք մեկ քայլ» ծրագիր: Դրանից հետո դիմողները կանցնեն քննություն անգլերենի, տրամաբանության և մոտիվացիայի ստուգման նպատակով:
Հայտը պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը՝
անուն, ազգանուն, կուրս,
համալսարանի կողմից հաստատված վերջին 3 տարվա ՄՈԳ֊ի արդյունքները,
հեռախոսահամար և էլ․ հասցե:
Առաջին փուլն անցնելու դեպքում /առաջին փուլ կանցնեն ՄՈԳ-ի 3 տարվա առավել բարձր գնահատական ունեցող ուսանողները/ ուսանողները էլ․ հաղորդագրությամբ կստանան կոդեր՝ քննական հատվածին մասնակցելու համար։
Համապատասխան մրցույթն անցած և ծրագրում ընդգրկված ուսանողների համար կիրականացվի նաև 1 տարվա 80% վարձավճարի ֆինանսավորում։
Կարծիքներ