«Հայաստան»-ը դժգոհում է՝ ԱԺ նախագահի իրենց թեկնածուի բացակայության պարագայում ինչպես պետք է ընտրություն արվի

«Հայաստան»-ը դժգոհում է՝ ԱԺ նախագահի իրենց թեկնածուի բացակայության պարագայում ինչպես պետք է ընտրություն արվի

ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը դժգոհում է և հարց բարձրացնում՝ խորհրդարանի նախագահի իրենց թեկնածուի՝ ոչ իր կամքով բացակայության պայմաններում ինչպես պետք է ԱԺ պատգամավորները հավուր պատշաճի ընտրություն անեն:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը շեշտեց, որ իրենց խմբակցության պատգամավորը նիստերի դահլիճում չէ ոչ իր ցանկությամբ:

«94-րդ հոդվածը նախատեսում է, որ յուրաքանչյուր պատգամավոր առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով: Եթե ԱԺ նախագահի թեկնածու Մխիթար Զաքարյանը ելույթ չի ունենում, ապա ինչպե՞ս պետք է պատգամավորները հավուր պատշաճի՝ 94-րդ հոդվածից բխող, կատարեն իրենց ընտրությունը»,- ասաց Վարդևանյանն ու հավելեց՝ նիստը նախագահողն առնվազն պետք է դիտարկի դա:

Մխիթար Զաքարյանի թեկնածությունը ներկայացնող Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով հստակ սահմանված է, որ պատգամավորը չի կարող առանց ԱԺ-ի համաձայնության անազատության մեջ գտնվել: «Եթե իշխանությունն այս պահի դրությամբ համարում է, որ դա այս ԱԺ-ի հարցը չէ, բացառապես դատական գործընթացի հարց է, նշանակում է՝ մենք չունենք իշխանություն, քանի որ այդ իշխանությունը համարում է, որ ԱԺ պատգամավորին կարող է առանց ԱԺ համաձայնության ուղարկել «պատանդի կարգավիճակի»,-ասաց նա:

«Պատիվ ունեմ» խմբակցությունն էլ ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջադրել է «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի թեկնածությունը:

Մխիթար Զաքարյանը կալանավորվել է հուլիսի 13-ին: Նրան  մեղադրանք է առաջադրվել  Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

Արթուր Սարգսյանը կալանավորվել է հուլիսի 18-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը): 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում