Ոչ վաղ անցյալում ինքներս բախվել ենք օտարերկրյա ահաբեկիչների խնդրին մեր տարածաշրջանում. Փաշինյան

Ոչ վաղ անցյալում ինքներս բախվել ենք օտարերկրյա ահաբեկիչների խնդրին մեր տարածաշրջանում. Փաշինյան

Ղազախստանում միջազգային ահաբեկիչների ներգրավվածության վերաբերյալ տրամադրված տեղեկությունն առաջացնում անհանգստություն ու մտահոգություն: ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հունվարի 10-ին կայացած արտահերթ նիստում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք շարունակում ենք բախվել նոր տիպի սպառնալիքների: Ղազախստանում առկա իրավիճակն առանձնահատուկ անհանգստություն ու մտահոգություն է առաջացնում ՝ հաշվի առնելով միջազգային ահաբեկիչների ներգրավվածության վերաբերյալ տրամադրված տեղեկությունը: Ոչ վաղ անցյալում մենք ինքներս բախվել ենք օտարերկրյա ահաբեկիչների խնդրին մեր տարածաշրջանում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ ՀԱՊԿ ջանքերը կնպաստեն կարճ ժամկետում Ղազախստանում բնականոն կյանքի վերականգնմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ առանցքային առաջնահերթություններից է կազմակերպության՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու մեխանիզմների ամրապնդումը: Դրանից ելնելով, ՀՀ վարչապետի խոսքով, ՀԱՊԿ եկրներից ակնկալվում է համատեղ ջանքերի մեծացում հետագայում այդ մեխանիզմների կատարելագործման նպատակով:

Նիստի արդյունքներն ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ առկա է բարձր մակարդակի փոխըմբռնում՝ կապված Ղազախստանի իրավիճակի հետ: Նրա խոսքով՝ ՀԱՊԿ գործողությունները նպատակաուղղված են Ղազախստանում իրավիճակի շուտափույթ կայունացմանը և երկրի բնականոն կյանքի վերադարձին:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում