Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Կութ գյուղի վրա, վնասվել են տների տանիքները
Երեկ երեկոյան՝ օգոստոսի 27-ին, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Կութ սահմանամերձ գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը: Տեղեկությունը «Արմենպրես»-ի զրույցում հաստատել է Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը՝ նշելով, որ հակառակորդը կրակել է մարդկանց տների վրա՝ վնասելով տանիքները:
«Մի քանի տանիք է ծակվել, մի քանի տան պատերն են քերծվել: Փառք Աստծո, ուրիշ վնաս չի եղել», - «Արմենպրես»-ի ասաց Կութի համայնքապետը՝ հավելելով, որ իր տպավորությամբ՝ թշնամին դիտավորյալ հենց գյուղի ուղղությամբ էր կրակում:
Չիտչյանի խոսքով՝ կրակոցները եղել են 22:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում: Բարեբախտաբար, այդ ժամին դրսում ոչ ոք չի եղել և բնակիչներից որևէ մեկը չի տուժել: Կրակել են հրաձգային տարբեր զինատեսակներից՝ ինքնաձիգ, գնդացիր: Դրանից հետո կրակոցներ կամ այլ միջադեպեր չեն եղել:
Այս պահին ընդհանուր վիճակը գյուղում, Սիմա Չիտչյանի խոսքով, հանգիստ է, գրում է «Արմենպրեսը»:
Կարծիքներ