Սեպտեմբերի 13-ը Հայաստանում կնշվի որպես բնության հատուկ պահպանվող տարածքների օր
2021 թ. սեպտեմբերի 2-ին Կառավարության նիստում ընդունվեց «Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների օրը նշելու մասին» Կառավարության որոշումը:
Առաջարկվող օրենսդրական փոփոխությունը կնպաստի Հայաստանի Հանրապետության տարածքում բնության հատուկ պահպանվող տարածքների հանդեպ կարևորության բարձրացմանը, բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը, բազմության ենթագիտակցության զարգացմանը, բնապահպանական իրազեկության բարձրացմանը։ Կնպաստի բնության հատուկ պահպանվող տարածքները որպես պետական սեփականություն պահպանմանը, դրանց նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը, գալիք սերունդներին փոխանցելու պատասխանատվության բարձրացմանը, ինչպես նաև դրանց նկատմամբ։
Հայաստանը գտնվում է տարածաշրջանի բուսական և կենդանական աշխարհների ձևավորման կարևոր մարզերի հանգուցակետում, ինչպես նաև հանդիսանում է միգրացվող կենդանիների և չվող թռչունների տարանցիկ ճանապարհների խաչմերուկ:
Կենսաբազմազանության պահպանությունը Հայաստանում հիմնականում իրականացվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ), որտեղ կենտրոնացված է ֆլորայի և ֆաունայի տեսակային կազմի 60-70 %-ը, այդ թվում՝ հազվագյուտ, կրիտիկական վիճակում գտնվող, վտանգված և էնդեմիկ տեսակների ճնշող մեծամասնությունը: Ներկայումս հանրապետությունում գործող բնության հատուկ պահպանվող տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 387054 հա կամ ՀՀ ընդհանուր տարածքի 13.1 տոկոսը: ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների հարուստ կենսաբազմազանությունը, բազմաբնույթ գեղատեսիլ լանդշաֆտային տիպերը, գիտական, տնտեսական մեծ պոտենցիալը, բնապատմական ժառանգությունը և բազմաթիվ պատմամշակութային հուշարձանների առկայությունը հնարավորություն են տալիս իրականացնելու գիտական ուսումնասիրություններ, տնտեսական և ռեկրեացիոն տարբեր ձևեր, ինչպես նաև էկոտուրիզմի տարբեր ձևեր, համակցված տուրեր և արշավներ:
Հայաստանում առկա բնության հատուկ պահպանվող տարածքները ներառում են 3 պետական արգելոց («Խոսրովի անտառ», «Շիկահող» և «Էրեբունի»), զբաղեցնում են 35 439.6 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 1.19 %-ը, 4 ազգային պարկ («Սևան», «Դիլիջան», «Արփի լիճ» և «Արևիք»), զբաղեցնում են 236 802.1 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 7.96 %-ը, ինչպես նաև 232 բնության հուշարձան և 27 պետական արգելավայրեր, որոնք զբաղեցնում են 114 812.7 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 3.95 %-ը:
Կարծիքներ