Ով և ինչպես էր շահարկում պատերազմում զոհերի թիվը. 4750 զոհ՝ ըստ Միշիկի, 5000՝ ըստ նրա աներհայրիկի
Civic.am-ը գրում է.
44-օրյա պատերազմից ավելի քան 5 տարի անց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում օրերս հրապարակեց հայկական կողմի զոհերի թիվը՝ 3833, այդ թվում՝ 78 քաղաքացիական անձ, 3755 զինծառայող։ Նկատենք, որ զոհերի թիվը ընդդիմության տարբեր գործիչների կողմից այս ողջ ընթացքում շահարկվել է՝ մասնավորապես կեղծ, ուռճացված թվեր հրապարակելու ու այսպիսով կրքեր բորբոքելու ճղճիմ նպատակադրումով։
Նախօրեին ԱԺ ճեպազրույցի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու են Սիմոնյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և 44–օրյա պատերազմի հանգամանքները քննած ԱԺ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հրապարակած տվյալները տարբերվում իրարից, ԱԺ նախագահը նկատեց. «Ուզում եմ մի բան հասկանալ. երբ Միքայել Մինասյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, նրանց աշխատակիցները և այլք ասում են 5 հազար, 6 հազար, 7 հազար, տեղ-տեղ 10 հազար են ասում, ձեզնից որևիցե մեկը չի գնում, հարցում չի ուղարկում, չի մոտենում, տեսնելուց չի ասում՝ բա՝ ինչի՞ ես 1000 հայ տղա ավելի սպանում, ա՛յ․․․ գործիչ։ Դուք չեք տալիս այդ հարցը։ Իսկ երբ որ ես հրապարակում եմ պաշտոնական թիվը, որը Քննչական կոմիտեի կողմից վաղուց հրապարակված է, դուք հարցում եք ուղարկում, և Ֆեյսբուքում ինչ-որ մարդիկ փորձում են այդ թվի հետ վիճել։ Ես գիտեմ, որ իմ նշած մարդիկ հայ մարդու ցավը, էմոցիան օգտագործելով իրենց քաղաքական հարցերն են փորձում լուծել․․․»։
Civic.am-ը արդեն առիթ ունեցել է ընդարձակ հրապարակմամբ անդրադառնալու զոհերի թվի շահարկմանը։ ԱԺ նախագահի ճեպազրույցը տեղեկատվական առիթ է՝ կրկին անդրադառնալու թե՛ շահարկողներին, թե՛ նրանց հրապարակած թվերին։
Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմի զոհերի մասին առաջին անգամ թիվ հայտնվեց «Ֆեյսբուքում»՝ 4750, որի հեղինակը ոչ թե ՀՀ պետական իրավասու՝ պաշտոնական վիճակագրություն վարող մարմիններն էին, այլ նախկին դեսպան, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, հետախուզման մեջ գտնվող, մի քանի քրեական գործ շալակած Միքայել Մինասյանը։ Նա դեռևս 2020 թ. նոյեմբերի 14-ին՝ պատերազմի ավարտից հաշված օրեր անց, շտապեց օգտագործել բոլորիս պատուհասած աղետն ու ողբերգությունը՝ ֆեյսբուքյան իր պատը «զարդարելով» զոհերի մասին կեղծ տվյալով։ Ակնհայտ դարձավ դրա նպատակը: «Մինչև օրս չկա պատերազմի զոհերի վերջնական թիվ: Իրականում կա, բայց չի հրապարակվել։ Իսկ փաստն այն է, որ 5 օր առաջ ԱԱԾ-ն ու ՊՆ-ն Նիկոլին զեկուցել են, որ այս պահի տվյալներով ունենք 2250 զոհված և հերձված, 1400 զոհված և դեռևս չհերձված, 1100 անհետ կորած։ 4750 հաստատված մահ, որ փաստաթղթով զեկուցվել է ՀՀ վարչապետին։ ...4750-ը թիվ չէ, մեր միսն ու արյունն է։ Մի ամբողջ սերունդ է։ Մի մեծ քաղաք է։ Մի մեծ բանակ է։ Այս մղձավանջի պատասխանատուներն այնքան էին լկտիացել, որ պատերազմի վերջին մեկ շաբաթվա ընթացքում ընդհանրապես դադարել էին զոհերի անուններ հրապարակել։ Չեն թույլատրել տեսանկարահանել ոչ մի զոհի հուղարկավորություն: Սա է իրականությունը»,- Ֆեյսբուքում գրել էր վտարանդի փեսան՝ կոչ անելով բոլորին այդ օրը երեկոյան ժամը 6-ին լինել Ազատության հրապարակում և մասնակցել ազգային մոմավառությանը։ Փեսա Միշիկի ֆեյսբուքյան գրառումն էլ՝ կից զոհերի թիվը պատկերող կարմիր ու սև լուսանկարով, նկատենք, տարածել էին գրեթե բոլոր ԶԼՄ-ները։ Նախկին դեսպանի կողմից հրապարակ նետված կեղծ թիվը որոշ շահագրգիռ ուժեր «կլորացրին», դարձրին 5000՝ այն այսպիսիով դնելով շրջանառության մեջ։
Պատերազմից 5 տարի անց էլ 44-օրյայի զոհերի թվի մասին խոսելիս շատերը, այդ թվում՝ ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, խախտելով բարոյականության, էթիկայի նորմերը, հղում են անում հենց այդ կեղծ 5000 թվին՝ շահադիտորեն ուռճացնելով մեր ունեցած անդառնալի կորուստը։
Նշենք, որ ինքը՝ Մինասյանի աներհայր Սերժ Սարգսյանն էլ, խոսելով 44-օրյա պատերազմի մասին, քանիցս իր խոսքում կիրառել է «5000 զոհ» կեղծ տվյալը։ Մասնավորապես 2021 թ. հունիսի 13-ին՝ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանում, անդրադառնալով ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ ունեցած հեռախոսազրույցին, նշել էր. «Էդ ընթացքում, իհարկե, կոշտ-կոպիտ խոսքեր եղել են, ես նույնիսկ չեմ հիշում՝ հայհոյել ենք, թե չենք հայհոյել, բա ի՞նչ անեինք՝ գովասանեի՞նք, ասեինք՝ ապրե՞ք, որ մեր հայրենիքի կեսը հանձնել եք ու 5 հազար զոհ եք տվել»։ Մի քանի ամիս անց էլ՝ ՀՀԿ վերջին համագումարի ժամանակ, Սերժ Սարգսյանը կրկին գործածել էր հիշյալ թիվը։ «Իրականությունն այն է, որ 44-օրյա պատերազմի արդյունքում 5000 ընտանիքներ կորցրին իրենց հույսը, շատերը՝ իրենց տան միակ կերակրողին, իրենց ապրելու նպատակը: 5000 երիտասարդներ այդպես էլ իրենց հարսանիքին չպարեցին, 5000 հայ ընտանիքներ չկազմվեցին, երեխաներ չծնվեցին»: Ի դեպ, «5000 զոհ» կապակցությունը Սերժ Սարգսյանի շուրթերից հնչել է ոչ միայն 44-օրյա պատերազմի մասին խոսելիս, այլև Արցախյան առաջին պատերազմի։ Ալեքսանդր Լուկաշենկո-Սերժ Սարգսյան աղմկահարույց ձայնագրության մեջ, որին Մամիջանյանը օրերս հպարտությամբ հղում էր անում, Ս. Սարգսյանը, առարկելով 7 շրջանները 5 միլիարդ դոլարի դիմաց Ադրբեջանին հանձնելու Լուկաշենկոյի առաջարկին, ասում է՝ դա հնարավոր չէ, քանի որ այդ տարածքներն ազատագրելու համար հայկական կողմը 5 հազար զոհ է տվել։
Զոհերի թիվը շահարկելու զազրելի քարոզչությունը գեներացնում են որոշ ԶԼՄ-ներ։ Մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապվող «5-րդ ալիքի»-ը ժամանակին ռեպորտաժ էր պատրաստել, որում ներկայացվում էր զինված ուժերում խաղաղ պայմաններում արձանագրված զոհերի թիվ։ Ըստ այդմ ՝ «Սերժ Սարգսյանի օրոք (2008-2018թթ.) ունեցել ենք 228 մարտական կորուստ։ Այս զոհերից 86-ը արձանագրվեց Ադրբեջանի սադրած Ապրիլյան պատերազմի ընթացքում։ Սա ևս դատախազության պաշտոնական պատասխանն է: Մյուս տարիների թվերը գրեթե համադրելի են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարիների հետ։ Նիկոլ Փաշինյանի օրոք մարտական կորուստներն անցնում են 5 հազարը, որոշ փորձագետների հաշվարկներով՝ 7 հազար»։
44-օրյայում ՀՀ ունեցած զոհերի մասին կեղծ, իրարից տարբերվող թվեր են հրապարակել նաև ՊՈՒ խմբակցության անդամներ Հայկ Մամիջանյանը, նույն խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը և այլք։ Մասնավորապես Ի. Սաղաթելյանը 2021-ի հունվարին գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր՝ «կորցրինք մեր հայրենիքի՝ Արցախի 70 տոկոսը, տվեցինք 5000-ից ավելի զոհ, 10 հազարից ավելի վիրավորներ, և այսօր մեր երկիրը գտնվում է ծանր վիճակի մեջ»։
Իսկ նրա մեկ այլ կոլեգա՝ նախկին հայաստանական պատգամավոր Արթուր Ղազինյանը զոհերի թվի կեղծմամբ բոլորին «տվել-անցել» էր՝ նշելով 10 հազար։ «Իմ ունեցած միջանկյալ ճշտված տվյալներով զոհերի թիվն անցնում է տասը հազարը։ Միգուցե այս է պատճառը, որ իշխանությունները հրաժարվում են հրապարակել մեր զոհերի թիվը»,- 2022-ին տված իր հարցազրույցներից մեկում նշել էր նախկին պատգամավորը։
Ամփոփելով վերը նշվածը՝ արձանագրենք, որ առնվազն բարոյական չէ, երբ քաղաքական ուժերն ու անհատ գործիչներն իրենց քաղաքական այսրոպեական շահերը սպասարկելու համար շահարկում են բոլորիս ցավն ու իրենց ակնկալած քարոզչական էֆեկտը ստանալուց հետո մոռանում զոհերին էլ, նրանց վիշտը սգացողներին էլ։ Վշտի սպեկուլյանտներին հատուկ վարք։


Կարծիքներ