Փրկիչներ չկան ու չեն լինում. Դավիթ Դանիելյան

Փրկիչներ չկան ու չեն լինում. Դավիթ Դանիելյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյան ֆեյսբուքի իր էջում գրում է.

Հայը հային չի կարող այդչափ ատել...

Մշտապես հարգանք եմ տածել իմ պետության սահմանադրական ինստիտուտների, այդ թվում նախագահի ինստիտուտի նկատմամբ:

Սակայն այսօրվա ելույթը անհասկանալի և անընդունելի թեզերի քանակով գերազանցեց թույլատրելին:

Պետք է հակադարձեմ և նշեմ, որ Կապանի գյուղերի բնակիչները կանգնած են սահմանին և պաշտպանում են իրենց գյուղերը կյանքի գնով, նույնիսկ չեն էլ ուզում լսել «ամեն գնով խաղաղության» մասին, մարդիկ հայրենիքի զոհասեղանին են դրել իրենց զավակների կյանքը, որպեսզի հասնեն արժանապատիվ խաղաղության:

Դուք կարծում եք, որ այս դժվարին պահին Կապանում ինչ-որ մեկը ժամանակ ունի մտածել գյուղ անվանակոչելու մասի՞ն: Սյունիքը երբեք իր համար կուռքեր չի շինել, մեր միակ սրբությունը եղել է Հայրենիքը:

Պետության համար այս դժվարին պահին փաստացի ասում եք «Ինձ խնդրեք,որ ձեզ փրկեմ: Բայց եթե նույնիսկ խնդրեք ` վստահ չեմ, որ կուզենամ փրկել, որովհետև հիասթափված եմ»: Իսկ գուցե՞ խնդրելու կարիք չէր լինի, եթե ժամանակին բոլոր ռազմավարական օբյեկտերը չվաճառեիք , անվտանգությունը չկապեիք մեկ պետության քմահաճ տրամադրությանը, իսկ դիվանագիտությունը չհանգեցնեիք քաղաքական մուրացիկության:

Փրկիչներ ՉԿԱՆ ու ՉԵՆ լինում:

Ազգերի ճակատագրերը իրենց պայքարող ձեռքերում են: Մի վաճառեք մեզ փրկիչներ, փրկիչները թանկ են արժենում մեր ժողովրդի համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում