Շրջակա միջավայրի նախարարը երկօրյա աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
Երկօրյա աշխատանքային այցով եղել եմ Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Այցին մասնակցել են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, նախարարի օգնական Խաչիկ Բեկյանը, կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանը, տնօրենի խորհրդական Վիգեն Չիլինգարյանը։
Այցերի ընթացքում տեղում դիտարկվել և գույքագրվել են սեպտեմբերի 13-ից Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասները՝ ինչպես անտառային, այնպես էլ ոչ անտառային տարածքներում:
Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով առաջացած հրդեհները մեծ վնաս են հասցրել Վայոց ձորի մարզի «Ջերմուկ» անտառային տնտեսությանը։ Տվյալ տարածքում անտառային հրդեհները զգալի վնաս են հասցրել 10 հա անտառածածկ տարածքի կենսաբազմազանությանը, ներառյալ էնդեմիկ բուսական և կենդանական աշխարհը` հանգեցնելով հողերի դեգրադացմանը:
Այնուամենայնիվ, բնապահպանական վնասի ամբողջ չափը դեռ ենթակա է հետագա մոնիտորինգի և գնահատման:Հատուկ ուսումնասիրությունների կատարումը անհրաժեշտ է ռազմական գործողությունների ուղղակի և անուղղակի ազդեցությունները գնահատելու համար։
Այցի շրջանակներում եղել եմ Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն», «Սիսիանի անտառտնտեսություն», «Սյունիքի անտառտնտեսություն», «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղերում։
Խորհրդակցություններ եմ անցկացրել աշխատակազմերի հետ՝ նախ շնորհակալություն հայտնելու լարված իրավիճակում համակարգված աշխատանքի համար, ապա միասին կազմելու անտառածածկ տարածքների արագ վերականգնման ճանապարհային ուղիները:
Այցի ընթացքում ականատես ենք եղել Ջերմուկի անտառային տարածքներում բռնկված հրդեհի առնվազն 2 օջախի մարմանը:
Սյունիքի մարզում այցելել եմ Շիկահող գյուղ, «Շիկահող» պետական արգելոց, այնուհետև «Շիկահող» մասնաճյուղի վարչական շենքում հանդիպում անցկացրել մասնաճյուղի աշխատակիցների հետ։ Եղել եմ նաև Սրաշեն ու Ներքին Հանդ բնակավայրերում և «Սոսու պուրակ» արգելավայրում, որտեղ հանդիպել և Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի ու դրանց հետևանքների շուրջ զրուցել եմ քաղաքացիների և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ։
Հիշեցնենմ, որ օրեր առաջ Շրջակա միջավայրի նախարարությունը համապատասխան գրությամբ դիմել է դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ ևս մեկ անգամ նրանց ուշադրությունը հրավիրելու ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի արդյունքում բնապահպանական աղետների առաջացման իրական վտանգի վրա։
Կարծիքներ