Վերակազմվել է Եվրոպական Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբը

Նոյեմբերի 10-ին վերակազմվեց Եվրոպական Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբը։ Այդ միջոցառումը նաև նշանավորեց Հայաստանի Հանրապետության անկախության 30 ամյակը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը, նշելով, որ իրենց գործունեության կարևոր ուղղություններից մեկը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բարեկամների շրջանակի ընդլայնումն է և հանուն արդարության՝ հայկական պետական շահի պաշտպանությունը:
«Այս նպատակներին հասնելու համար Հայ դատի Եվրոպայի գրասենյակն ավանդաբար ակտիվորեն համագործակցում է ԵՄ-ում Հայաստանի առաքելության դիվանագիտական անձնակազմի հետ:
Ինչպես Եվրախորհրդարանի նախորդ երկու գումարումներում, այս անգամ էլ Հայ դատի գրասենյակն ակտիվորեն աշխատել է Հայաստանի հետ միջկուսակցական բարեկամության խմբի վերագործարկման ուղղությամբ, որը բաղկացած է Եվրոպական խորհրդարանի բոլոր հիմնական քաղաքական խմբերի անդամներից»,- նշված է հաղորդագրության մեջ:
Բարեկամության խմբի նախագահն է Եվրախորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը (ԵԺԿ, Կիպրոս): Օրենսդրական նախորդ շրջանում Հայաստանի հետ բարեկամության խումբը նախագահում էր Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր դոկտոր Էլենի Թեոխարուսը (Կիպրոս):
Հայտնում են, որ միջոցառման ընթացքում Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ բարեկամության խումբը արդարության պաշտպանության և Հայաստանում ու Արցախում մեր ժողովրդին օգնելու համար բազմաթիվ նախաձեռնություններ է ունենալու:
Կարծիքներ